![]()
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքությանն ու Թուրքիայի հայ համայնքին ուղերձ է հղել՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ: Այն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին մատուցված պատարագի ժամանակ։ «Ակոս» պարբերականի հաղորդմամբ՝ ուղերձն ընթերցել է պատրիարքական փոխանորդ Գրիգոր քահանա Տամատյանը։
Տամատյանի ընթերցմամբ պարզ է դարձել, որ Էրդողանն այս անգամ էլ ամենամյա ուղերձը սկսել է նույն տեքստով. «Այս տարի ևս հարգանքով հիշում եմ Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանցի հայերին ու կրկին ցավակցություններս հղում նրանց թոռներին»։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը պնդել է, որ 1915-ին տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է, այլ հրոսակային գործողությունների հետևանք. «Օսմանյան կայսրության անկման ընթացքում օկուպացիաների, բախումների, ապստամբությունների, հրոսակների գործողությունների, հիվանդությունների պատճառով օսմանցի ժողովուրդները մեծ ցավ են ապրել»։
Նրա խոսքով՝ մեծ ցավ են ապրել օսմանցի հայերը, որոնք արժեքավոր ներդրում են ունեցել Օսմանյան կայսրության տարբեր ոլորտներում։
«Թուրքիայի Հանրապետությունը կարողացել է առանց այդ ցավերը մոռանալու հասկանալ, թե ինչպես դրանք հաղթահարել»։
Ուղերձում Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իրենք ձգտում են ապագա սերունդներին թողնել այնպիսի ժառանգություն, որտեղ «ճշմարտությունը կապում են խղճի, այլ ոչ թե վատ հիշողությունների հետ»։
Էրդողանն իր ուղերձը ամփոփել է հետևյալ կերպ։
«Որպես 86 միլիոնանոց երկիր՝ միասին ենք կառուցելու մեր ապագան ու այն ժառանգությունը, որը թողնելու ենք մեր թոռներին։ Այս մտքերով կրկին կիսում եմ հայ հասարակության՝ անցյալում ապրած ցավերը ու ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում զոհված օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակը»։
![]()