Կեղծ և մանիպուլյատիվ. վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի լուրի մասին

«X» սոցիալական հարթակում որոշ օգտահաշիվներ տարածում են ակնհայտ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություն այն մասին, թե իբր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։

Այս մասին գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Հայտնում եմ, որ նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նման բովանդակությամբ քննարկում չի եղել։ Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Նշված պնդումն ունի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի բնորոշ հատկանիշներ։ Մասնավորապես հաշվի առնելով դրա տարածման մեթոդաբանությունը՝ «X» հարթակում մի շարք օգտահաշիվների կողմից նույնաբովանդակ կամ փոխկապակցված ձևակերպումներով ամպլիֆիկացված տարածումը, չստուգված աղբյուրի վրա հիմնված պնդման շրջանառումը դիտարկում ենք որպես համակարգված տեղեկատվական մանիպուլյացիայի փորձ։

Հորդորում ենք լրատվամիջոցներին, հանրային դերակատարներին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից, հատկապես այն դեպքերում, երբ դրանք վերաբերում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային կայունությանը»,- գրել է Բաղդասարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ