Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան

«Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանում ընտրակեղծարարության էջը փակված է»:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով 14 անձի ձերբակալության դեպքին:

Նրա խոսքով՝ ով կփորձի նման ճանապարհով գնալ, հանդիպելու է օրենքի ուժին, ինչը հիմա ակնհայտ է:

«Իրավապահ մարմիններն աշխատում են, ես այս իմաստով չեմ կարող որևէ մեկնաբանություն անել»,- ասել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իր մեկնաբանությունը զուտ քաղաքական կարող է լինել այն առումով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և բոլորը պատասխան են տալու առանց որևէ կարգավիճակի:

«Ես նաև տեսնում եմ, որ մարդիկ ինչ-որ հղումներ են անում մարդկանց տարբեր կարգավիճակներին, միևնույն ժամանակ այդ կարգավիճակի, օրինակ՝ կերակրող մոր կամ կնոջ կարգավիճակը հաշվի չառնելով՝ նրանց դրդում են տարբեր տեսակի հանցանքների (խոսքն ընտրական զեղծարարության մասին է), հետո գալիս ասում են, թե կերակրող մայր է, նրան ձերբակալեցին»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, թե օրենքը չի ճանաչում կարգավիճակ:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:

Հրապարակվել են ձայնագրություններ:

Ինչպես հայտնել էինք, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ բերման են ենթարկվել, մեկ անձի մեղադրանք է ներկայացվել։

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ