![]()
Ապրիլի 8-ի ցերեկը 112 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեք տղամարդ Էրեբունի փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12։35-ին, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 74 երթուղային ավտոբուսի մեջ երկու երիտասարդ սկսել են վիճաբանել միմյանց հետ։ Վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են վիճել։ Ապա նրանցից մեկը մոտեցել է վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել է ավտոբուսից։
Հետագայում Էրեբունի փողոցում գտնվող կանգառում «Նիսան» մակնիշի մեքենայով երեք տղամարդ փակել են ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ավտոբուս և վիճաբանել վարորդի հետ։ Այդ ընթացքում նրանցից մեկը վերցրել է ավտոբուսի բանալին, նետել վարորդի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև վարորդին ավտոբուսից դուրս են կանչել, հայհոյանքներ հնչեցրել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը՝ Սմբատ Զորավարի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։
Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել են նաև մյուս երկուսի ինքնությունները՝ Թևոսյան փողոցի բնակիչ 29-ամյա և Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդիկ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին՝ ժամը 21։40-ին, երեքն էլ ներկայացել են բաժին և ձերբակալվել։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
![]()