![]()
Հունգարիայում երեկվա ընտրությունները տպավորիչ էին` հատկապես մասնակցության ռեկորդային ցուցանիշներով:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ տեղեկացնելով, որ Բուդապեշտում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության հայտարարությունը և նախնական գնահատականները:
«Հայտարարության հիմնական շեշտադրումները հետևյալն են.
«Հունգարիայում ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրությունները աչքի ընկան քաղաքացիների ակտիվ ներգրավվածությամբ՝ արձանագրելով ընտրողների մասնակցության ռեկորդային բարձր մակարդակ` իրական ընտրության հնարավորությամբ, սակայն հավասար մրցակցային պայմաններ չկային, քանի որ իշխող կուսակցությունը օգտվում էր համակարգային առավելություններից, որոնք մշուշում էին պետության և կուսակցության միջև սահմանը։
Ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու մարմինները արդյունավետ և պրոֆեսիոնալ կերպով են կազմակերպել նախապատրաստական աշխատանքները։ Թեև նախընտրական քարոզարշավը ուղեկցվում էր իշխանության կողմից պառակտող և վախ սերմանող հռետորաբանությամբ, ներառյալ՝ կառավարության կողմից առաջ քաշված, արտաքին միջամտության վերաբերյալ չհիմնավորված պնդումները, թեկնածուները կարող էին ազատորեն իրականացնել իրենց քարոզարշավը։
Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը ընդհանուր առմամբ դրական է գնահատում ընտրության օրվա գործընթացի բոլոր փուլերը՝ դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում, չնայած որոշ ընթացակարգային թերություններին»։
Ամբողջական հայտարարությունը` հետևյալ հղմամբ», գրել է Խանդանյանը։
Ինչպես հայտնել էինք, Հունգարիայի ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 98.9 տոկոսի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է՝ վաստակելով խորհրդարանի 199 տեղերից 138-ը:
Իշխող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության դաշինքը նույնպես անցել է խորհրդարան՝ հավաքելով ավելի քիչ ձայն:
Նշենք, որ Խանդանյանը Բուդապեշտում է որպես 2026թ. Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների Միջազգային դիտորդական առաքելության ղեկավար։
![]()