![]()
Ռուսաստանի քննչական կոմիտեն վերաբացել է Վլադիկավկազի բնակչի մահվան վերաբերյալ քրեական գործը, որը, ենթադրաբար, խմել էր «Ջերմուկ» հանքային ջուր։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ռուսական կողմը, տղամարդը 2024 թվականի փետրվարին խանութից գնել էր «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի շիշ, որից հետո սկսել էր իրեն շատ վատ զգալ՝ ջրում հայտնաբերվել էր քացախաթթու։ Այնուհետև նա մահացել էր հիվանդանոցում։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին, գործը նախկինում դադարեցվել է, քանի որ այդ պահին «հնարավոր չի եղել» պարզել հանցագործության մասնակիցներին: Գործը վերաբացվել է նոր հանգամանքների լույսի ներքո:
Հիշեցնենք, որ միջադեպից հետո «Ջերմուկ Գրուպ»-ի գործադիր տնօրենը պարզաբանել է, որ իրենց գործարանում հանքային ջրի շշալցումը ավտոմատացված է, և պարունակությունից ինչ-որ շեղում ընդամենը մեկ շշում անհնար է։ Ձեռնարկության կողմից արտադրված հանքային ջրի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ֆիզիկա-քիմիական և մանրէաբանական վերլուծության՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանությունը հաստատելու համար։
![]()