Մանկական նստատեղերի օգտագործումը 71-82%-ով նվազեցնում է երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Ամեն տարի հազարավոր երեխաներ վնասվածքներ են ստանում ավտովթարների հետևանքով: Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը: Իսկ անվտանգության գոտիների օգտագործումը կիսով չափ է նվազեցնում մեծ տարիքի երեխաների և մեծահասակների լուրջ վնասվածքների ռիսկը:
Ավտոմեքենայում մանկական նստատեղերի ճիշտ օգտագործումը պարտադիր պահանջ է երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Անհրաժեշտ նստատեղի ճիշտ ընտրությունը կախված է մի քանի գործոնից, այդ թվում՝ երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից:
Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան առաջարկում է, որ բոլոր նորածիններին նստեցնեն դեմքով դեպի հետ ուղղությամբ` սկսած ծննդատնից տուն տեղափոխման պահից, մինչև 2-3 տարեկան, քանի որ դեմքով դեպի առաջ դիրքում վթարի պահին հարվածող ուժերը կենտրոնանում են գլխի և ողնաշարի պարանոցային հատվածի վրա` մեծացնելով գանգուղեղային և ողնաշարի վնասվածքների հավանականությունը: Իսկ դեմքով դեպի հետ դիրքում հարվածող ուժերը համաչափ բաշխվում են ամբողջ ողնաշարի երկայնքով` նվազեցնելով վնասվածքի ռիսկը:
Դեմքով դեպի առաջ նստատեղը խորհուրդ է տրվում օգտագործել 3-7 տարեկանների համար:
Մեր երկրում գործող օրենսդրության համաձայն` մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար մեքենայում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղի միջոցով: Իսկ 7-ից 12 տարեկան երեխաներինը՝ երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղերի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:
Հիշեք`
— Երթևեկելիս մինչև 12 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում:
— Թույլ չտալ, որ երեխան մեքենայի պատուհանից դուրս հանի ձեռքը, գլուխը կամ ոտքը:
— Փոքր տարիքի երեխաներին ավտոմեքենայում երբեք մենակ չթողնել:
— Լավագույն անվտանգությունն ապահովում է ավտոմեքենայի հետին նստատեղին ամրացված հատուկ մանկական նստատեղը:
— Միշտ կապե՛ք ձեր ամրագոտին։ Սա օրինակ կծառայի ձեր երեխայի համար, և նրա մոտ մանկուց կձևավորվի ամրագոտի կոպելու սովորություն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ