«Ագարակ» պետական մաքսային անցման կետում ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ է կանխվել

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ:

«ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները զննության արդյունքում տարբեր թաքստոցներից՝ վարորդի գլխավերևի դարակներից, բեռնատարի կցորդիչի պահեստամասերի համար նախատեսված աջ և ձախ պահոցներից, բեռնատարում առկա ներքնակից, հայտնաբերել են 18 հազար 520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:

Չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը կանխվել է: Հայտնաբերված ծխախոտները առգրավվել են: ՀՀ քաղաքացի Է.Վ-ի նկատմամբ «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

Հետագա ընթացքն ապահովելու նպատակով դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն:

013_69dcbe3dbc0e2.jpg (1.25 MB)

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման անօրինական գործողություններից և խուսափել չհայտարարագրված ապրանքների տեղափոխումից՝ պահպանելով մաքսային կանոնները և օրենքով սահմանված պահանջները»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ