Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են

«Գաբալայում տեղի ունեցած հանդիպման շրջանակում քննարկել ենք նաև տարածաշրջանային հարցեր՝ հաշվի առնելով մեր հարևանությամբ տեղի ունեցող զարգացումները»:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը:

«Երկու կողմերն էլ միակարծիք են, որ մի կողմից՝ ուկրաինական պատերազմը, մյուս կողմից՝ Իրանի շուրջ զարգացումներն ավելի լուրջ մարտահրավերներ են ստեղծում Հարավային Կովկասի համար, որը փաստացի այս պահին դարձել է կայունության և խաղաղության որոշակի կղզյակ, երբ մեր շուրջը տեղի են ունենում նման բուռն զարգացումներ:

Միևնույն ժամանակ մեզ համար ակնհայտ էր, որ Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակումից հետո ադրբեջանական կողմի մտահոգություններն ավելի են սրվել այս ուղղությամբ, և առնվազն արձանագրվել է, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից է բխում, որ տվյալ հակամարտությունները չընդլայնվեն տարածաշրջանում, և իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի»,- ասել է Մինասյանը:

Նա հավելել է, որ քննարկվել է նաև հարց, թե տարածաշրջանային այս զարգացումներն ինչպես կարող են ազդել TRIPP-ի կյանքի կոչման վրա՝ հաշվի առնելով, որ իրանական ուղղությամբ զարգացումները դեռևս շարունակվում են:

«Իսլամաբադի բանակցությունները, ըստ էության, տապալվեցին: Բավականին մեծ է անորոշությունը, թե ինչպես կզարգանա իրավիճակը, և ինչ հետևանքներ կունենա այն տարածաշրջանի համար:

Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են, և տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են, հետևաբար պետք է գնահատել նաև ներկայիս իրավիճակը և փորձել այն ամրապնդել:

Միևնույն ժամանակ կար նաև այն կարծիքը, որ երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարգավորման գործընթացում առկա ձեռքբերումները որոշակի անվտանգային իմունիտետ են ստեղծել երկու երկրի համար, որի բացակայության դեպքում մեծ կլիներ ռիսկը, որ երրորդ երկրները կարող են միջամտել, և տարածաշրջանային այս պատերազմը կարող է նաև ընդլայնել իր աշխարհագրությունը»,- ասել է փորձագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ