![]()
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու հարցում։
«Մենք ունեցել ենք մի շարք բովանդակալից քննարկումներ իրանցիների հետ․ դա լավ նորությունն է։ Վատ նորությունն այն է, որ մենք չենք հասել համաձայնության, և կարծում եմ՝ դա ավելի վատ նորություն է Իրանի համար, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների», – ասել է Վենսը։
«Մենք պարզապես չկարողացանք հասնել այնպիսի իրավիճակի, որտեղ իրանցիները կընդունեին մեր պայմանները», – նշում է նա։
Փոխնախագահը իր շնորհակալությունն է հայտնում Պակիստանին՝ նշելով, որ բանակցությունների «ցանկացած թերություն» կապված չէր պակիստանցիների հետ, որոնք «հիանալի աշխատանք կատարեցին»։
Ի պատասխան Իրանի միջուկային կարողությունների վերաբերյալ հարցին՝ Վենսը նշել է. «Պարզ ճշմարտությունն այն է, որ մենք պետք է տեսնենք հստակ պարտավորություն, որ նրանք չեն ձգտի ձեռք բերել միջուկային զենք և չեն փորձի ձեռք բերել այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան արագ հասնել միջուկային զենքի ստեղծմանը»։ Վենսը հավելել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «ոչնչացվել է», սակայն ընդգծում է, որ անհրաժեշտ է «կամքի հիմնարար պարտավորություն», որպեսզի Իրանը ապագայում չզարգացնի միջուկային զենք։«Մենք դա դեռ չենք տեսել։ Հույս ունենք, որ կտեսնենք»։
ԱՄՆ փոխնախագահը հայտնել է, որ Թրամփը ներգրավված է եղել բանակցություններում, և ինքը բանակցությունների ընթացքում «շուրջ տասնյակ անգամ» զանգահարել է նախագահին։
«Մենք հեռանում ենք այստեղից շատ պարզ առաջարկով՝ փոխըմբռնման մի մեթոդով, որը մեր վերջնական և լավագույն առաջարկն է։ Կտեսնենք՝ արդյոք իրանցիները կընդունեն այն», — ավելացնում է նա՝ ավարտելով իր խոսքը։
![]()