Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները կպայքարեն եզրափակչում․ Աշխարհի գավաթ

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը հաջող է դասավորվում Հայաստանի հավաքականի համար: Մեր թիմի բոլոր չորս ներկայացուցիչներն էլ վստահորեն հաղթահարել են որակավորման փուլի արգելքն ու նվաճել եզրափակչի ուղեգրեր:

Հենացատկի վարժությունում հերթական անգամ բարձր կարգն է հաստատել Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը։ Նա ցույց է տվել լավագույն արդյունքն ու առաջին հորիզոնականով դուրս եկել եզրափակիչ:

Նժույգ-թափերի վարժությունում մեդալների համար կպայքարեն մեր երկու մարմնամարզիկները՝ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը։ Նրանք հաջողությամբ են հանդես եկել որակավորման փուլում և զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը:

Օղակների վարժությունում ևս Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը. Արթուր Ավետիսյանը գրանցել է երրորդ արդյունքն ու ապահովել իր տեղը վճռորոշ փուլում:

Այս նույն կազմով հայ մարմնամարզիկները տպավորիչ ելույթներ էին ունեցել նաև Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի նախորդ փուլում։ Այն ժամանակ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը հռչակվել էին մրցաշարի հաղթողներ և նվաճել ոսկե մեդալներ, իսկ Արթուր Ավետիսյանը նվաճել էր արծաթե մեդալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ