![]()
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում Հայաստանի զանգվածային լրատվության տարբեր միջոցներից ընտրված 15 լրագրողներ ապրիլի 13-ից 15-ը կմասնակցեն «Oxford Training Centre» ընկերության կողմից կազմակերպվող «Advanced Communications and Public Relations Management» (Առաջադեմ հաղորդակցություն և հանրային կապերի կառավարում) թեմայով միջազգային մասնագիտական վերապատրաստման դասընթացին, որը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
![]()
Նախքան մեկնումը «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հանդիպում է ունեցել ծրագրի մասնակիցների հետ՝ նրանց փոխանցելով տիկին Աննա Հակոբյանի ուղեցույցները, որոնք նա ավանդաբար տրամադրում է արտասահման մեկնող պատվիրակություններին։ Փոխտնօրենը կոչ է արել մասնակիցներին լինել պարտաճանաչ և առավելագույնս օգտվել դասընթացի ընձեռած հնարավորություններից՝ ընդգծելով, որ հիմնադրամը ծրագրի իրականացման համար ներդրել է զգալի ռեսուրսներ և շատ է կարևորում այս փորձը, քանի որ այն կարող է նպաստել անձի, տեղեկատվական ոլորտի ու երկրի զարգացմանը:
Լրագրողները իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են սպասում առաջիկա վերապատրաստմանը։
![]()
Դասընթացի ընթացքում մասնակիցները կանդրադառնան մի շարք առանցքային թեմաների, այդ թվում՝ հաղորդակցության առաջադեմ ռազմավարությանը, հանրային կապերի առաջնորդությանը, մեդիա հարաբերություններին և հեղինակության կառավարմանը, ճգնաժամային հաղորդակցությանը, շահակիցների ներգրավմանը, ռազմավարական PR-ին և կազմակերպության դիրքավորմանը, բրենդավորմանը և հանրային պատմությունների ձևավորմանը, ինչպես նաև հաղորդակցության պլանավորմանն ու գնահատմանը։
![]()
Ուսուցման մեթոդաբանությունը ներառում է ինտերակտիվ քննարկումներ, իրական դեպքերի վերլուծություն և գործնական վարժություններ, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև կիրառել դրանք պրակտիկ միջավայրում։
Պատվիրակության անդամներն են`
Տիգրանուհի Բադալյան – «Սյունիք» հեռուստաընկերություն, լրագրող, հաղորդավար
Էմմա Կարապետյան – «Նոր Հայաստան» հեռուստաընկերություն, լուրերի խմբագիր, մեկնաբան
Կարինե Սարգսյան – «Զրույց» թերթ, լրագրող («Սպառողների ասոցիացիա»)
Աստղիկ Սարգսյան – Հանրային ռադիո (Voice of Yerevan), զրուցավար, Հատուկ նախագծերի բաժնի ղեկավար
Հերմինե Կարապետյան – «Հայկական ժամանակ», լրագրող, քաղաքական մեկնաբան
Անահիտ Մարգարյան – Հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն, լրագրող
Գոհար Սարգսյան – «Շանթ» հեռուստաընկերություն, լրագրող, խմբագիր
Վարդիթեր Գիշյան – «Շանթ» հեռուստաընկերություն, առավոտյան ծրագրի խմբագիր
Գիտա Էլիբեկյան – Հայաստանի Հանրային ռադիո, Վրաստանի թղթակից
Անահիտ Հակոբյան – «Շանթ» հեռուստաընկերություն, «Հորիզոն» լրատվական, միջազգային լուրերի պատասխանատու, SHANTNEWS.am-ի թողարկիչ/խմբագիր
Անահիտ Կարապետյան – «Շանթ» հեռուստաընկերություն, PR և Digital Marketing մասնագետ
Լուիզա Սարգսյան – «Շանթ» հեռուստաընկերություն, լրագրող
Հասմիկ Վիրաբյան – Ambion.news լրատվական կայք, խմբագիր
Ադրինե Թորոսյան – «Փաստ» օրաթերթ, լրագրող
Իրինա Մկրտչյան – Հանրային հեռուստաընկերություն։
![]()