Սահմանին զոհ չի լինում, ընդդիմությունը ստիպված անգղի նման ավտովթարի զոհերին է վերածում քաղաքական կապիտալի

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ապրիլի 11-ին Քուչակ-Ապարան ճանապարհի ավտովթարին։

Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել և գրել․

«Արյունը քաղաքական կապիտալի վերածող անգղների մասին։

Ցավակցում եմ երեկվա և այսօրվա ավտովթարների զոհերի հարազատներին»։

Ռուբինյանն ընդգծել է, որ ավտովթարը տեղի է ունեցել այն պահին, երբ դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվել են Երևանում։ Ընդդիմությունը հայտարարել է, որ այդ ոստիկանական մեքենան ուղեկցել է Նիկոլ Փաշինյանի ավտոբուսին։

«Կրկնում եմ՝ այն ավտոբուսին, որը վթարի պահին Երևանում էր ընդհանրապես Ապարանում չէ։ Ինչու են նրանք սա անում, որովհետև նրանք ունեն մեկ գործելակերպ․ գտնել զոհ և զոհը վերածել քաղաքական կապիտալի, գտնել արյուն և արյունը վերածել քաղաքական կապիտալի։

Բայց իրենք ունեն մեկ պրոբլեմ․ վաշինգտոնյան խաղաղության հռչակագրից հետո սահմանին զոհ չի լինում, և ստիպված անգղի պես հարձակվում են ավտովթարի զոհերի վրա և այն փորձում են վերածել քաղաքական կապիտալի։

Այսքանն ընդդիմության մասին»,- տեսանյութում ասել է Ռուբինյանը։

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ապրիլի 11-ին՝ ժամը 7։50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Վթարի հետևանքով կան 1 զոհ և 12 տուժած։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ