![]()
Ինչպես հայտնել էինք, ապրիլի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Աղին բնակավայրի տարածքում բախվել են BMW և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 6 զոհ կա, երկուսը՝ երեխաներ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ջրառատի վարչական ղեկավար Հովհաննես Խաչատրյանն ասաց՝ զոհերից 5-ը Ջրառատից է։
Մեր տեղեկություններով՝ ավտովթարի հետևանքով մահացածները նույն ընտանիքի անդամներ են՝ վարորդը, մայրը, կինը և երկու երեխաները։
Սարակապի վարչական ղեկավար Կարեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ զոհերից մեկն իրենց գյուղից է։ Մահացել է 60-ամյա Լիա Առաքելյանը։
Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձինք առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան: Մեկ չափահաս տեղափոխվել է ուղղաթիռով։ Բժշկական կենտրոնի լրատվության բաժնից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ միայն մեկ չափահաս տուժած է բուժումը շարունակում Գյումրիում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Աղին բնակավայրի մոտ 6 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()