![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հինգերորդ նիստը:
Օրակարգի շրջանակում ներկայացվել են Կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման, Ռոբոտատեխնիկայի և Արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերի նախագծերը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը և վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետագա գործունեության վերաբերյալ նախագիծը:
Մինչ օրակարգային հարցերի ներկայացումը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ներածական խոսքում նշել է, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում, որտեղ ներառված են նաև ռոբոտաշինության, արհեստական բանականության և կիրահաղորդիչների ուղղությամբ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության կետերը, նոր հնարավորություններ են ստեղծվել Հայաստանում այս ոլորտների զարգացման համար, և ներկայացվող երկու նախագծերը հենց կիսահաղորդիչների, արհեստական բանականության ու ռոբոտաշինության վերաբերյալ են։ Նրա խոսքով՝ այս նախագծերը աշխատանքային խմբերի, մասնավոր գործընկերների, ինչպես նաև Նորարարության հայկական հիմնադրամի համագործակցությամբ ծավալուն աշխատանքի արդյունքն են:
Նորարարության հայկական հիմնադրամի տնօրեն Անահիտ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման պետական ծրագրի նախագծի վերաբերյալ: Նախ անդրադարձ է կատարվել կիսահաղորդիչների ոլորտի գլոբալ նկարագրին, ընդգծվել, որ արհեստական բանականությունն աննախադեպ արագությամբ ընդլայնում է ոլորտի տնտեսական ազդեցությունը: Մանրամասներ են ներկայացվել Հայաստանում գործող կիսահաղորդիչների ԳՀՓՄ (R&D) կենտրոնների, Հայաստանի կիսահաղորդչային դիրքավորման, կրթության և ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Անահիտ Սարգսյանն անդրադարձել է 2032թ. Հայաստանի կիսահաղորդիչների ճարտարագիտական էկոհամակարգի զարգացման տեսլականին և այս համատեքստում ընդգծել մարդկային կապիտալի զարգացման ու տնտեսական ազդեցության հեռանկարները:
ARCS.ai խորհրդի փոխնախագահ Կարեն Էգուիազարյանը մանրամասներ է ներկայացրել Ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրի նախագծի վերաբերյալ, անդրադարձ կատարել ժամանակակից տեխնոլոգիական մրցավազքում ռոբոտիկայի և արհեստական բանականության որոշիչ դերակատարմանը և Հայաստանում առկա ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին: Զեկուցողը ներկայացրել է տաղանդների ներգրավվման, կրթական և հետազոտական առաջնահերթ ուղղություններով անելիքները, էկոհամակարգի ձևավորման ու տնտեսական ազդեցության հեռանկարները:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն իր հերթին նշել է, որ ինչպես ներկայացրել էր նախորդ նիստում, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի հետ կապված աշխատանքները շարունակվում են, և այս ժամանակահատվածում իրականացվել են գործողությունների ծրագրի մշակման հետ կապված աշխատանքները: Ըստ այդմ՝ իրականացվում են Կառավարության և շահագրգիռ կողմերի հետ ռազմավարական թիրախների վերջնականացման, հանրային շահագրգիռ կողմերի հետ հենասյունային մակարդակի միջոցառումների վավերացման աշխատանքները, խորհրդակցություններ են անցկացվում տեխնոլոգիական և ակադեմիական համայնքի հետ իրագործելիության վերաբերյալ, Հայաստանի ռազմավարական ուղղությունների հետ համապատասխանեցման ուղղությամբ։ Ընդգծվել է, որ ռազմավարական ծրագիրը կենտրոնանում է երկու ուղղությունների վրա՝ ԱԲ ինժեներիա և խելացի թվային համակարգեր և Deep-Tech ինժեներիա, նախատիպավորում և ներկառուցված համակարգեր՝ որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնական հենասյուներ և առաջնահերթ ոլորտներում համակարգված աճի հիմք:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրել է վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետագա գործունեության վերաբերյալ նախագիծը, անդրադարձել խորհրդի կազմի համալրման հարցին:
Ներկայացված նախագծերի շուրջ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է Կառավարության կողմից իրականացվող և նախատեսվող ծրագրերի հետ նախագծերի համադրության կարևորությունը վերջինների առավել արդյունավետ իրականացման տեսանկյունից:
Ամփոփելով քննարկումները և ընդգծելով բարձր տեխնոլոգիաների միջոցով տնտեսական փոխակերպման կարևորությունը՝ վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ներկայացված նախագծերի շրջանակում աշխատանքային քննարկումներ կազմակերպել և ներկայացնել դրանց իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմները:
![]()