Ցանկանում ենք աջակցել Հայաստանին և կիսվել մեր փորձով․ Էստոնիայի ԱԳ նախարար

Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին և զարգացնել գործնական համագործակցությունը՝ կիսվելով փորձով և միաժամանակ սովորելով հայկական փորձից։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

Նա նշել է, որ իր այցը Հայաստան արդեն երկրորդն է նախարարի կարգավիճակում, և այն արտացոլում է էստոնական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում։

«Սա մեր հանձնառությունն է որպես էստոնացի ժողովուրդ․ մենք ձեզ սիրում ենք, հայ ժողովուրդ։ Դուք շատ մոտ եք մեզ, թեև մեր միջև հեռավորությունը մեծ է»,- նշել է նա:

Էստոնիայի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացմանը՝ ընդգծելով դրա գործնական նշանակությունը։

«Մենք բացեցինք մեր դեսպանությունն այստեղ, Հայաստանում։ Սա միայն խորհրդանշական քայլ չէ, այլ նպատակ ունի զարգացնելու գործնական համագործակցությունը Հայաստանի և Էստոնիայի միջև»,- նշել է Ցահքնան։

Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է կարևոր փուլում, և իրականացվող քաղաքականությունը կարող է էական ազդեցություն ունենալ ոչ միայն երկրի, այլև ողջ տարածաշրջանի վրա։

«Խաղաղության ուղին Հայաստանի և Ադրբեջանի միջև հույժ կարևոր է՝ որպես նախապայման ժողովրդի բարգավաճման, բիզնեսի և առևտրի զարգացման համար»,- ընդգծել է նա։

Ցահքնան նաև նշել է, որ Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին՝ կիսվելով իր փորձով և գիտելիքով՝ միաժամանակ հետաքրքրված լինելով նաև Հայաստանի փորձով։

«Մենք ուզում ենք աջակցել, կիսվել մեր փորձով և սովորել ձեզանից»,- ասել է պաշտոնյան:

Էստոնիայի ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները կարող են դիտարկվել որպես լայն աշխարհաքաղաքական փոփոխությունների մաս, և Էստոնիան ցանկանում է լինել այդ գործընթացների մասնակիցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ