![]()
Տնտեսագետ և քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ նախագահի վերջին հայտարարություններից մեկին ու հայկական դաշտում դրա մեկնաբանություններին:
«Պուտինյան «էժան գազը» Հայաստանի համար նույնքան կեղծ է, որքան Ռուսաստանի ողջ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
Պուտինը հայտարարեց, թե Հայաստանը գազը գնում է 177 դոլարով, մինչդեռ Եվրոպան՝ 600 դոլարով։
Սակայն նա չնշեց, որ գազը 177 դոլարով գնում է «Գազպրոմ Արմենիան», որը ամբողջությամբ պատկանում է ռուսական «Գազպրոմին», և այն վերավաճառում է բնակչությանը մոտավորապես 380 դոլարով՝ հազար խորանարդ մետրի համար։ Գնի ավելացումը կազմում է 114 տոկոս։
Մոտ տասը տարի առաջ «Գազպրոմ Արմենիան», պատասխանելով նման գնային քաղաքականության վերաբերյալ հարցին, անորոշ խոսեց ինչ-որ մայրուղային կորուստների մասին, սակայն կոնկրետ չնշեց՝ որտեղ են այդ կորուստները և ինչ ծավալի են։ Մինչ օրս էլ լռում է։
Ռուսաստանը նմանատիպ սպառնալիքներով է հանդես եկել նաև Մոլդովայի նկատմամբ գազի հարցում։
2022 թվականին Ռուսաստանը իրականացրեց իր սպառնալիքները, բայց ի՞նչ տեղի ունեցավ։ Եվրոպական Միությունը Մոլդովային հատկացրեց մի քանի հարյուր միլիոն եվրո՝ բնակչության համար գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով։
Հայաստանի դեպքում Ռուսաստանից գազի ներկրման գնի տարբերությունը Եվրամիության հետ ներկայում կազմում է տարեկան մոտ 380 միլիոն եվրո։
Հիշեցնեմ, որ 2022 թվականից մինչ այսօր Եվրոպական Միությունը Մոլդովային արդեն հատկացրել է 2,2 միլիարդ եվրոյի չափով օգնություն։ Բացի այդ՝ այն բացել է Մոլդովայի համար իր շուկաները՝ ապահովելով անտուրք առևտուր»,- գրել է Առաքելյանը:
![]()