![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանի վերջին տեսանյութերից մեկին՝ կապված ուսուցիչների ատեստավորման գործընթացի հետ։
««Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել (կարծես ԱԲ չէ), որում պատմում է, որ ուժեղ Հայաստանում ատեստացիայից առաջ (ենթադրում եմ նկատի ունի կամավոր, ոչ թե հերթական) բոլոր ուսուցիչները կունենան անվճար վերապատրաստվելու հնարավորություն և կհրապարակեն գրականության ցանկը, որը դրված է լինելու թեստերի հիմքում։
Կարող եմ անվճար լայֆհաք ասել. որևէ գյուտ անելուց առաջ ԱԲ-ին հարցրեք, թե որ թվականից է այդ կարգավորումը ուժի մեջ։
Ուսուցիչների թե’ կամավոր, թե’ հերթական ատեստավորման ժամանակ բոլոր մանկավարժները հնարավորություն ունեն անվճար վերապատրաստվելու։ Ավելին, ատեստավորումից կտրված ուսուցիչներին պետությունը ոչ թե հեռացնում է համակարգից, այլ հենց վերապատրաստում առաջարկում աշխատանքին զուգահեռ։
Բոլոր առարկաների թեստերի հիմքում ընկած մասնագիտական գրականության ցանկերը հրապարակված են ԳԹԿ կայքում։
Այս փաստերը, հնարավոր է, Նարեկ Կարապետյանը չգիտի, բայց գիտեն համակարգի հազարավոր շահառուները։
Ես իսկապես չեմ հասկանում այս կրկնվող տրամաբանությունը, ո՞ւմ համար են այս տարօրինակ առաջարկները, եթե բուն շահառուներին չեն գրավելու, մեդիայի՞, պատվիրատուների՞, ո՞ւմ։
Ինչպես որ ցանկացած մեկը նայելով իր շուրջը, նույնիսկ ամենահեռավոր գյուղի խորքերում, կտեսնի, օտարերկրացի աշխատողներին և կհասկանա, որ 300 հազար աշխատատեղի կարիք չունի ՀՀ-ն, այլ աշխատողների, այնպես էլ ցանկացած ուսուցիչ գիտի, որ ինքն արդենիսկ ապրում է ուժեղ Հայաստանում, և նոր տարակուսելի հավելումների կարիք չկա»,- գրել է պատգամավորը։
![]()