![]()
Գործադիրը հաստատել է ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Որոշման ընդունումը պայմանավորված է ագրոպարենային ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ ագրոպարենային ոլորտում աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու և գյուղատնտեսական ու վերամշակված արտադրանքի արտադրության ծավալներն ավելացնելու անհրաժեշտությամբ։
Ագրոպարենային ոլորտում աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիմել է ՀՀ մարզերի մարզպետների աշխատակազմեր՝ ներկայացնելու ոլորտը խթանող առաջարկներ։ Վերջիններիս գերակշիռ մասը ներկայացրել է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր ներդնելու առաջարկը։ Որոշմամբ առաջարկվող ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նպատակն է` ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել մատչելի պայմաններով ագրոպարենային ոլորտում ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսական ու ագրովերամշակված արտադրանքի արտադրության կազմակերպմանը և արտադրանքի ծավալների ավելացմանը: Ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին: Շահառուն ծրագրին մասնակցելու համար Ֆինանսական կառույց է ներկայացնում ծրագիր-տեղեկանք՝ վարկային միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ։
Վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով: Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափն է՝ 1-2 մլն դրամ, ընդ որում, նույն շահառուին տրամադրվող վարկի (վարկերի) առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։ Վարկի հետ կապված Ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն): Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ Ֆինանսական կառույցի կողմից: Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս: Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի: Վարկի մայր գումարի և տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 6 ամիս տևողությամբ (վարկի մայր գումարի և տոկոսագումարի առաջին վճարումը կիրականացվի 6 ամիս հետո): Որոշման ընդունման կապակցությամբ նախատեսվում է, որ 2026 թվականին կտրամադրվի շուրջ 40 մլրդ դրամի վարկեր, որի սուբսիդավորման համար 2026 թվականին կպահանջվի շուրջ 2 մլրդ դրամ: Տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման արդյունքում կավելանան ագրոպարենային ոլորտում կատարվող ներդրումները, կընդլայնվեն տնտեսվարողների կարողությունները, մատչելի պայմաններ կապահովվի շրջանառու և հիմնական միջոցների ձեռքբերման ու ներդրման համար:
![]()