Պատերազմի հետևանքով չեղարկված թռիչքների համար քաղաքացիներին փոխհատուցում կտրվի. Կառավարությունը հաստատել է

ՀՀ կառավարությունն ապիլի 9-ի նիստում որոշել է մինչև 250 հազար դրամով փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին, որոնց Հայաստան վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթերը չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով:

Ըստ ընդունված որոշման՝ պետությունը յուրաքանչյուր անձի համար կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում այն դեպքում, երբ ռազմական գործողությունների պատճառով չեղարկվել են նախապես գնված ուղիղ կամ տարանցիկ չվերթերը, և քաղաքացին ստիպված է եղել ձեռք բերել նոր տոմս կամ կատարել վճարովի փոփոխություն: Եթե նոր ավիատոմսի արժեքը ցածր է եղել սահմանված առավելագույն շեմից, ապա փոխհատուցումը կտրվի փաստացի վճարված գումարի չափով:

Որոշման գործողությունը տարածվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Քուվեյթ և Իսրայել ուսման նպատակով մեկնած ՀՀ քաղաքացիների վրա, որոնք տուն են վերադարձել 2026 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Կառավարության հիմնավորման համաձայն՝ տարածաշրջանում օդային տարածքների փակման ու չվերթերի զանգվածային չեղարկումների պայմաններում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեսպանությունների հետ համատեղ լայնածավալ աշխատանք է իրականացրել քաղաքացիների տարհանման ուղղությամբ: Մասնավորապես գործընկեր երկրների հետ համագործակցությամբ թույլտվություններ են ստացվել Օմանից, Լիբանանից և Հնդկաստանից թռիչքներ իրականացնելու համար:

Կառավարությունն իր պաշտոնական տեղեկանքի մեջ նշել է, որ «ԱՄԷ-ի և Օմանի ցամաքային սահմանի հնարավորությունն օգտագործելով՝ կազմակերպվել է ավելի քան 250 քաղաքացու անվճար տեղափոխումը Մասկատի օդանավակայան, որտեղից նրանք կարողացել են վերադառնալ Երևան»: Ընդհանուր առմամբ միայն մարտի առաջին կեսին Մասկատից և Դուբայից Հայաստան է վերադարձել շուրջ 1580 քաղաքացի: Սակայն այս պահին դեռևս հստակ տվյալներ, ըստ գործադիրի, չկան, թե նրանցից քանիսն են ավիաընկերություններից ստացել չեղարկված տոմսերի փոխհատուցումը կամ նոր տոմսերի տրամադրումը:

Այս որոշումը Կառավարությունն ընդունել է չզեկուցվող հարցերի փաթեթով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ