Լևոն Քոչարյանի գործով դատաքննությունը շարունակվում է․ նոր մանրամասներ

Երևանում շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում արձանագրված դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատական քննությունը, որի հերթական նիստում դատարանը լսեց ոստիկանության ծառայող Հայկազ Ջոմարդյանի ցուցմունքը։

Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը 2024 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Վկան դատարանում ներկայացրեց իր անձնական տվյալները՝ նշելով, որ շուրջ 20 տարի ծառայել է ոստիկանության համակարգում, և նախազգուշացվեց սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Անդրադառնալով դեպքերին՝ նա նշեց, որ տվյալ օրը Երևանում իրականացվել են անհնազանդության ակցիաներ, որոնց ընթացքում փակվել էին ճանապարհներ, մասնավորապես՝ Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկի հատվածում։

Նրա խոսքով՝ ոստիկանության ծառայողները ստացել էին տեղեկություն փակված ճանապարհի մասին և մեկնել էին այնտեղ՝ իրավիճակը վերահսկելու և երթևեկությունը վերականգնելու նպատակով։ Ջոմարդյանը պատմեց, որ նման դեպքերում ոստիկանությունը նախ հնչեցնում է օրինական պահանջ՝ քաղաքացիներին կոչ անելով բացել ճանապարհը, և միայն այդ պահանջին չհետևելու դեպքում է դիմում բերման ենթարկման միջոցների։ Միաժամանակ նա չկարողացավ հստակ հիշել, թե կոնկրետ տվյալ դեպքում ով է հնչեցրել այդ պահանջը՝ նշելով, որ դա ամրագրված է փաստաթղթերում։

Նրա խոսքով՝ ակցիայի ընթացքում մի խումբ քաղաքացիներ, շղթա կազմած, շարժվել են դեպի ոստիկանների ուղղությամբ, և այդ խմբում եղել է նաև Լևոն Քոչարյանը։ Վկան նկարագրեց, իրավիճակը, խոսելով Լևոն Քոչարյանի բերման ենթարկման մասին, նա նշեց, որ գործընթացը հեշտ չի եղել, Քոչարյանին բերման ենթարկելու համար ներգրավվել են մի քանի ոստիկաններ՝ մոտ չորս հոգի, ինչը պայմանավորված է եղել իրավիճակի լարվածությամբ և դիմադրությամբ։

Միևնույն ժամանակ վկան հայտնեց, որ հետագայում իրեն զեկուցվել է ոստիկանության մեքենայի ներսում տեղի ունեցած վիճաբանության մասին, որի ընթացքում հնչել են հայհոյանքներ և, ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր է նաև հարված է հասցվել ոստիկաններից մեկին, սակայն նա ընդգծեց, որ անձամբ այդ դրվագին չի ականատես եղել։ Դատարանում քննարկման առարկա դարձավ նաև այն հանգամանքը, որ տեսանյութերում չի լսվում ոստիկանության կողմից հնչեցված օրինական պահանջը, ինչի վերաբերյալ Ջոմարդյանը նշեց, որ չի կարող պարզաբանել դրա բացակայության պատճառը, սակայն ընդունեց, որ նման բացթողման դեպքում կարող է նշանակվել ծառայողական քննություն, և որպես ղեկավար՝ ինքը պատրաստ է պատասխանատվություն կրել հնարավոր թերացումների համար։ Նիստի ընթացքում կողմերի միջև հարցուպատասխանը երբեմն անցնում էր լարված մթնոլորտում, հատկապես երբ պաշտպանական կողմը կասկածի տակ էր դնում ոստիկանության գործողությունների իրավաչափությունը և օրինական պահանջի փաստացի հնչեցումը։ Դատական քննությունը շարունակվում է, և առաջիկա նիստերում նախատեսվում է լսել մյուս վկաներին ու շարունակել գործով ապացույցների, այդ թվում՝ տեսանյութերի ուսումնասիրությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ