Պուտինը դիմեց սադրանքի՝ փորձելով վատ դրության մեջ դնել Փաշինյանին, բայց տեսանք հակառակը. անակնկալ էր. Խառատյան

«Ալիք մեդիա» լրատվամիջոցի հիմնադիր, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը, «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսելով Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, նկատում է՝ հանդիպումը իր բնույթով, բովանդակությամբ և ձևով շատ մեծ անակնկալ էր ոչ միայն հայաստանյան փորձագիտական, քաղաքական խմբերի և մամուլի համար, այլև Ռուսաստանի։ Ավելին՝ միջազգային որոշ պարբերականներ են անդրադարձել դրան, ինչը խոսում է նրա մասին, որ սա միայն Հայաստան-Ռուսաստանի մասին չէ, այլ թե ուր է հասել Ռուսաստանը, որովհետև այսպիսի խոսակցություններ սովորաբար արվում են փակ դռների հետևում։

Խառատյանը նշում է՝ առավել քան ակնհայտ էր, որ սա հայկական կողմի համար անսպասելի պահվածք էր․ նախկինում ունեցած 31 հանդիպումների ժամանակ Վլադիմիր Պուտինը երբեք այդպիսի վարքագիծ չի դրսևորել, բայց վարչապետը կարողացավ բավականին հստակ պատասխաններ հնչեցնել և պատվով դուրս գալ իրավիճակից։

Ըստ զրուցակցի՝ հանդիպման օրակարգը ի սկզբանե եղել է երկաթգիծը․ «գնացել ենք իրենց դուռը, ասում ենք՝ անո՞ւմ եք, թե՞ չեք անում, եթե չեք անում, հասկանանք՝ մենք ինչպես ենք առաջ շարժվում»։

Միաժամանակ Խառատյանը նկատում է՝ հստակ լծակներ կան ՌԴ-ի ձեռքում՝ հաշվի առնելով ՀՀ տնտեսության, էներգետիկ համակարգի խոր կախվածությունը ՌԴ-ից․ «ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ գազի գինը էժան վճարելու համար մենք շատ թանկ քաղաքական ու անկախության գին ենք վճարում։ Այո, պետք է գնել գազը շուկայական գնով և այլ շուկաներ ու լուծումներ փնտրել»։

Խոսելով ռուսաստանցի օլիգարխի հայտարարությունների մասին՝ Խառատյանը նշում է՝ փորձ է արվելու և արվում գործող իշխանությանը ներկայացնել որպես ՌԴ-ի համար վտանգ, և դրա վրա կառուցվում է տրամաբանություն, որ եթե իշխանությունը գա, ապա անխուսափելիորեն դա դառնալու է պատերազմ․ ես դրան չեմ հավատում։

Ըստ զրուցակցի՝ ՀՀ-ում քաղաքականությունը անձնակենտրոն է, մարդկանց մասին է, անունների մասին, ինչը մեծ խնդիր է։ Անձնակենտրոնությունը մեր փոքր հանրույթում շատ ավելի կարևոր է, քան քաղաքական գաղափարները, խմբերն ու կուսակցությունները, որոնք խոսում են իրենց ծրագրերի մասին։

Ըստ նրա՝ եթե նախկինում կաշառք տալիս էր գործող իշխանությունը, հիմա դա անում է ընդդիմությունը․ սա է միակ տարբերությունը։ Պրոբլեմ է լինելու, եթե չկարողանանք վերահսկել ընտրակաշառքով պայմանավորված ընտրությունները։

«Որպես քաղհասարակության ներկայացուցիչ դիտորդություն ենք անելու Հայաստան-Վրաստան սահմանի վրա»,- ասում է Խառատյանն ու հավելում, որ մեկ շաբաթ առաջ հետևելու են, թե ինչպիսի շարժ կա, քանզի Վրաստանում կա 30 հազար ՀՀ քաղաքացի։

Խոսելով սփյուռքի, հատկապես ՌԴ-ում վարչապետի այցի ժամանակ անցկացված ցույցերի մասին՝ Խառատյանն ընդգծում է՝ ակնհայտ է, որ ՌԴ-ում կազմակերպվող ցույցերը ուղղորդված են և խրախուսվում են ՌԴ իշխանության կողմից։

«Արդյոք բոլորը ՀՀ գործընթացներին տեր ու տիրական կարո՞ղ են լինել, իրենք Ռուսաստանում սահման ունե՞ն Թուրքիայի հետ՝ կարծես չունեն, սփյուռքը սահման ո՞ւնի Ադրբեջանի հետ՝ կարծես չէ, բայց իրենց տեղում նստած՝ մեզ սովորեցնում են, թե ինչպես ապրել․ բոլորն իրավունք ունեն խոսելու, և ես հույս ունեմ, որ իրենք գործիք չեն այլ երկրի ձեռքում»,- նշում է Խառատյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ