![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երկու շաբաթով հետաձգում է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հնարավոր հարվածները։
Իսրայելը համաձայնել է միանալ ԱՄՆ-ին Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի ռեժիմին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։
Տեղեկությունը հաստատել է նաև ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում. հայտնի է, որ բանակցություններ կլինեն Իսլամաբադում:
«Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցներից հետո, ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմանի հրադադար», — գրել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Իրանը համաձայնել է երաշխավորել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը։ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է ծառայել որպես բանակցությունների աշխատանքային հիմք։
«Միացյալ Նահանգների և Իրանի միջև նախկինում առկա անհամաձայնությունների գրեթե բոլոր կետերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնականապես հաստատել և պաշտոնականացնել համաձայնագիրը», — հավելել է նա։
ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Թեհրանը երկու շաբաթ է հատկացրել բանակցային ողջ գործընթացի համար, որի ընթացքում կհաստատվի հրադադար: Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն նշանակում ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտ:
Կառույցը նաև սպառնացել է արձագանքել ամբողջ ուժով, եթե ԱՄՆ-ն հրադադարի ընթացքում թույլ տա «ամենափոքր սխալը»։
«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», — ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։
Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։
![]()