Արհեստական բանականությամբ կամ այլ լուծումով գեներացված նյութ հեռարձակելիս պարտադիր պետք է այդ մասին մակնշվի

Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողներն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշեն, որ տվյալ նյութն արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված:

Գործող օրենսդրությամբ սինթետիկ բովանդակության ստեղծման կամ տարածման դեպքում դրա նույնականացման կամ մակնշման պարտադիր պահանջներ սահմանված չեն: Արդյունքում սպառողը հաճախ տեղեկացված չի լինում, որ բովանդակությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված է արհեստական բանականության համակարգերի կիրառմամբ:

Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջանում սահմանել սինթետիկ բովանդակության հստակ իրավական սահմանում եւ նախատեսել դրա պարտադիր մակնշման պահանջներ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար՝ ապահովելու տեղեկատվության թափանցիկությունը եւ սպառողների տեղեկացվածությունը:

Նախագծով առաջարկվում է օրենքում ամրագրել սինթետիկ բովանդակության իրավական սահմանումը՝ որպես տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն գեներացվել կամ ձեւափոխվել է արհեստական բանականության համակարգերի կամ գեներատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ:

Սահմանվում են նաեւ մակնշման իրականացման եղանակները՝ կախված բովանդակության տեսակից (տեսալսողական, լսողական կամ պատկերային): Նախատեսվում են պատասխանատվության միջոցներ սինթետիկ բովանդակության մակնշման պահանջները խախտելու դեպքում:

Նախաձեռնությունն առաջին, ապա երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել ու ընդունվել է ապրիլի 7-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ