![]()
Ագրարային քաղաքականության ոլորտում Կառավարության որդեգրած սկզբունքների իրագործման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է ««Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նպատակն է աջակցել ջերմոցների զարգացման ուղղությամբ ներդրումների իրականացմանը և գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցմանը: Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Ծովինար Վարդանյանն է:
Պատգամավորի խոսքով՝ երկու տարի առաջ վերանայվել և բարձրացվել են շենք-շինությունների մասով շինթույլտվության համար սահմանված տուրքերը: Ծովինար Վարդանյանը նշել է, որ ներկայում ջերմատների հիմնումը և ջրավազանների կառուցումն օրենքով դիտարկվում են որպես ընդհանուր շենք-շինությունների կառուցում և ենթադրում հաստատուն բարձր սահմանված դրույքաչափեր, նաև կիրառվում է գոտիականության գործակիցը, որը տնտեսավարողների համար առաջացնում է մեծ ֆինանսական պարտավորություններ:
«Օրինակ՝ 1,5 հա մակերեսով ջերմատնային տնտեսություն կառուցելու համար շինարարության թույլտվության համար տեղական տուրքը նախկին 100 հազար դրամի փոխարեն ներկայում կազմում է 5 մլն դրամ»,- ընդգծել է զեկուցողը և հավելել, որ ստեղծված իրավիճակը խոչընդոտներ է ստեղծում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ ամրագրված սկզբունքների և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով հաստատված նպատակների իրագործման ճանապարհին:
Նախագծով առաջարկվում է ջերմոցների և գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցման դեպքում նվազեցնել տեղական տուրքի դրույքաչափերը:
Ըստ պատգամավորի՝ նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում տուրքի նվազեցումը համայնքներում կբերի ներդրումների աճի:
«Հենց այս պահին մոտավորապես 25 մլն դոլարից ավելի ներդրում սպասում է այս կարգավորմանը, նաև սրանով է պայմանավորված հրատապությունը»,- ասել է նա:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Նա բարձրաձայնել է, որ 500 քառակուսի մետր ջերմատուն կառուցելու համար տեղական տուրքը կկազմի 20-ից մինչև 100 հազար դրամ: Նշվել է, որ նախաձեռնության ընդունումը կնպաստի ոլորտում ներդրումների շարունակականության պահպանմանն ու ակտիվացմանը: Զեկուցողն առաջարկել է հավանություն տալ նախագծին:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է ապրիլի 7-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում:
![]()