ՇՄ նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ COP17-ին առնչվող կազմակերպչական և օրակարգային հարցեր է քննարկել

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձել են ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերին։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը լուրջ և հետևողական վերաբերմունք է ցուցաբերում կենսաբազմազանության պահպանության օրակարգի նկատմամբ՝ այն դիտարկելով որպես պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։

Տիկին դեսպանը բարձր է գնահատել նախարարության վերջերս իրականացրած կարևոր օրենսդրական նախաձեռնությունները՝ մասնավորապես պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքն ու շրջանառությունն արգելող նախագծի ընդունումը, Նագոյայի արձանագրության վավերացումը և «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի վավերացումը։

Քննարկել են նաև թափոնների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Նախարարը ներկայացրել է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ընթացքը՝ ընդգծելով այդ գործընթացում նիդերլանդական առաջավոր փորձի ուսումնասիրման և կիրառման կարևորությունը։

Անդրադարձել են նաև ջրային ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության և երկկողմ համագործակցության զարգացման մի շարք այլ ուղղությունների։

Վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ և արդյունավետ համագործակցությունը բնապահպանության ոլորտում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ