ԱԲ-ով գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշվի. Մխիթար Հայրապետյան

Տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները պարտավոր կլինեն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված բովանդակությունը հեռարձակելիս այն համապատասխան ձևով մակնշել։

Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագիծը։

Նախարարի խոսքով՝ Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխության հիմնական նպատակը սինթետիկ կամ արհեստական բանականությամբ ստեղծված հեռուստաբովանդակության նույնականացումն է՝ այն լսարանի համար հստակ տեսանելի դարձնելու միջոցով։

«Կառավարությունը օրենսդրական սույն նախագծով առաջարկում է մի քանի լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում, որի հիմնական էությունը կայանում է նրանում, որ մենք հետայսու՝ օրենքի ընդունումից հետո, ակնկալելու ենք, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով օրենքի իմպերատիվ պարտադրանքով մակնշեն»,- ասաց Հայրապետյանը։

Նա պարզաբանեց, որ խոսքը համապատասխան լեյբլինգի մասին է, որի միջոցով բովանդակության վրա հստակ տեսանելի կլինի, որ այն ստեղծվել է արհեստական բանականության գործիքակազմով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ