![]()
Ինձ թվում է, որ պարոն Էդմոն Մարուքյանն իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետեւից: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ նախօրեին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում արված հայտարարությանը, որտեղ, խոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին, կոչ էր արել «Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան եւ մեր փայլուն աշխատող Կառավարությանը այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկել եւ այդ խնդիրը կարգավորել»:
Արեն Մկրտչյանը ասաց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է եւ խոսում է Քաղավիացիայի պետի մասին: Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը եւ դրսեւորել իրեն կլասիկ պատգամավորի, այլ ոչ ռաբիս պատգամավորի պես»:
«Իմ քայլը» խմբակցությունից Գեւորգ Պապոյանն էլ վարման կարգով ասաց, որ ԱԺ պատգամավորները պարտավոր են պատգամավորին հարիր վարքագիծ դրսեւորեն, հատկապես հանրային ելույթներում եւ հանրային վայրերում․
«Ուզում եմ տեղեկացնել, որ ոչ քաղաքական, անհիմն, ոչ գեղեցիկ, չեմ ուզում ավելի խիստ բնորոշումներ տալ, նման գռեհիկ ձեւակերպումները հենց ԱԺ-ում կստանան արժանի պատասխան: Հուսով եմ, որ այդպիսի վարքագծից մեր գործընկերներն այսուհետ կհրաժարվեն»:
![]()
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վարման կարգով արձագանքեց.
«Շնորհակալ եմ, որ այստեղ հիշեցրին պարոն Մարուքյանի շատ կառուցողական առաջարկի մասին: Ես հուսով եմ, որ այն տեղ է հասել: Ես խորհուրդ եմ տալիս, որ ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ քոմենթներ չանել, հատկապես, որ պարոն Մարուքյանը դահլիճում չէ: Ընդհանրապես, եթե ասվում է մի բան, արվում է առաջարկ, ի դեպ, դուք, որ միշտ մեզ ասում եք՝ արեք առաջարկներ, առանց ռեպլիկներ անելու վերցրեք այդ կառուցողական առաջարկը, գնացեք ձեր կառավարության մոտ եւ ասեք, որ կա կառուցողական առաջարկ եւ փորձեք հարցը լուծել: Այստեղ ֆեյսբուքյան ստատուսներ մի գրեք, խնդրում եմ»:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ նկատեց. «Կարծում եմ՝ խոսքը ոչ թե առաջարկի մասին էր, այլ ոճաբանության: Առաջարկ միշտ կարելի է անել, բայց դա ձեւ ունի, չէ՞»:
![]()