«Կեղծ և մոլորեցնող պնդումներ է արել»․ Մխիթար Հայրապետյանի բանավեճի առաջարկը Նարեկ Կարապետյանին

Հաղորդումներից մեկի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը, խոսելով Firebird AI ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալների կենտրոնի մասին, մի քանի բավականաչափ համարձակ, բայց ցավոք սրտի նաև կեղծ և մոլորեցնող պնդումներ է արել։ Այս մասին հայտարարություն է տարածել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Դրանցից մի քանիսը ես ձեզ համար առանձնացրել եմ և ուզում եմ ընթերցել։ Մասնավորապես, ըստ Նարեկ Կարապետյանի, NVIDIA-ին փող տվողը 70%-ը հայկական բանկերն են, ես մեջբերում եմ իր խոսքերը։ Ինչպես նաև նշել է՝ օտարերկրյա ներդրում չէ սա, դա սուտ է։ Նաև նշել է, որ տնտեսական մեր այս ծրագիրը փաստորեն օդ էր։

Ես կարծում եմ, որ այս և մի քանի այլ կարևոր թեմաներով, ինչպիսին, օրինակ, ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ գիտեմ, որ «Ուժեղ Հայաստանը» ևս ունի որոշակի տեսլական և դրանցով ինքը՝ Նարեկ Կարապետյանը, առիթ է ունեցել հանրության հետ կիսվելու։ Վերջին շրջանում շատ հաճախ իրենք նաև խոսում են անվտանգային թեմաներով, մասնավորապես, անդրադառնալով հենց ռազմական արդյունաբերության թեմային։

Կարծում եմ, շատ թեմաներ ունենք խոսելու, բայց հանրային, հրապարակային ձևաչափով։ Սա փայլուն հնարավորություն կլինի Նարեկ Կարապետյանի և իր քաղաքական թիմի համար համոզելու, հիմնավորելու իրենց պնդումները և այն քննադատությունը և մեղադրանքները, որոնք հասցեագրված են կառավարությանը և մեր քաղաքական թիմին»,-նշել է Հայրապետյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ