![]()
Ապրիլի 3-ին քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզի պարեկների հետ, դատարան ներկայացնելու համար հայտնաբերել ու ձերբակալել են Սևան քաղաքի բնակիչներ 33 և 38 տարեկան տղամարդկանց։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ կանխվել է ծանր հանցագործություն։
«Բացահայտման աշխատանքը սկսվել էր մարտի 6-ին։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի բնակիչ երկու տղամարդ նախապատրաստում են զենքի գործադրմամբ ավազակություն՝ խոշոր չափերի հափշտակություն իրականացնելու նպատակով՝ օգտագործելով մեքենա գնելու նրա մտադրությունը։
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումներն իրականացվեցին Հակակոռուպցիոն կոմիտեի և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ։
Պարզվեց, որ տղամարդիկ օրավարձով վերցրած մեքենայով հետևել և ուսումնասիրել են թիրախավորված քաղաքացու տեղաշարժը՝ հանցանքն իրագործելու համար առավել նպաստավոր պայմաններ գտնելու նպատակով։
Ստացվեցին փաստական տվյալներ, որ նրանք ձեռք են բերել բջջային հեռախոսներ և կեղծ օգտահաշիվների միջոցով նամակագրական կապ են հաստատել թիրախավորված անձի հետ, նաև հանցանքն իրագործելու նպատակով ձեռք են բերել էլեկտրաշոկ ու կաստետ և փորձում են ձեռք բերել ինքնաձիգ։
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ խոշոր չափերով ավազակություն կատարելու նախապատրաստման հատկանիշներով։
Ապրիլի 3-ին Սևանի երկու բնակիչների նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում, և նրանք նույն օրը ձերբակալվեցին։
Երկուսն էլ կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցներ՝ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()