Սա ՀՀ ժողովրդին մանիպուլացնելու փորձ է. ՌԴ-ն երբևէ Հայաստանի հետագա հաղորդակցությունը չի կանգնեցնի. Ղևոնդյանը՝ Օվերչուկի հայտարարության մասին

«Պուտին-Փաշինյան հանդիպումը նախանշեց լարվածության նոր փուլ և ցույց տվեց, որ հիբրիդային հարձակումները Հայաստանի նկատմամբ մոտակա 2 ամիսներին աճելու են: Մենք տեսնում ենք դրա դրսևորումը, սրանք դեռևս առաջին քայլերն են, մինչև հունիսի 7-ը տեսնելու ենք բազմաթիվ նմանատիպ հայտարարություններ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե ԵՄ-ին միանալուց հետո ՀՀ-ն կկորցնի ՌԴ-ի հետ օդային կապը՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Ղևոնդյանի խոսքով՝ ամբողջ գործընթացը՝ սկսած Պուտինի հայտարարություններից, վերջացրած մյուսներով կապված է ընտրությունների հետ. «Այո, Հայաստանը միաժամանակ չի կարող լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ, Հայաստանի և՛ իշխանությունը, և՛ ժողովուրդը դա հասկանում է: Օվերչուկի հայտարարությունը Հայաստանի ժողովրդին մանիպուլացնելու փորձ է, Ռուսաստանը երբևէ Հայաստանի հետագա հաղորդակցությունը չի կանգնեցնի՝ անկախ նրանից, թե ուր կգնա մեր ժողովուրդը: Նրանք հայտարարում են, թե քանի որ ԵՄ-ի հետ չունենք թռիչքներ, ձեզ հետ էլ չենք ունենա՝ ակնհայտորեն հաշվի չառնելով, որ Հայաստանը ԵՄ անդամ լավագույն դեպքում կարող է դառնալ 10-15 տարի հետո, երբ Ռուսաստանում մեծ հավանականությամբ այլ իշխանություն կլինի ու շատ հավանական է, որ ԵՄ-ի հետ հաղորդակցությունն էլ բացված կլինի»:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի այն հայտարարությանը, թե Ռուսաստանն ունի իրավունք՝ Հայաստանի հետ քննարկելու առաջիկա ընտրությունները՝ Ղևոնդյանը նշեց. «Պեսկովը շարունակում է Ռուսաստանի ընտրած քաղաքականությունը` ճնշում գործադրել, հիբրիդային հարվածներ հասցնել և հայտարարել դրա իրավունքն ունենալու վերաբերյալ: Ակնհայտ է, որ դա ՀՀ ներքին գործերին միջամտության փորձ է, սակայն, հաշվարկը հենց այն է, որ Հայաստանից կարող է զգայուն արձագանք լինել: Զգայուն արձագանքն էլ անհրաժեշտ աղմուկ կապահովի, ինչը հիբրիդային գործողությունների կարևոր միջավայր է ստեղծում: Հետևաբար լավ կլիներ, որ այս փուլում Հայաստանն անտեսեր այս հայտարարությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ