![]()
Հոկտեմբերի 18-30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Միջոցառման շրջանակում առանցքային ուշադրություն է դարձվում անվտանգության բոլոր բաղադրիչներին։ Արդեն իսկ նշանակվել են անվտանգության պատասխանատուներ և համակարգողներ։
«Միջոցառումն իր հնչեղությամբ և մեծածավալությամբ աննախադեպ է Հայաստանի Հանրապետության համար։ Միջոցառման միջուկային անվտանգության ապահովման համակարգող է հանդիսանում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն »,- նշել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։
Համաժողովին մասնակցելու են մի շարք պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը պահանջում է միջոցառման ճիշտ պլանավորում և բարձր մակարդակի պատրաստվածություն։
«Փրկարար ծառայության կողմից հրավերներ են ուղարկվել միջազգային փորձագետներին՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու, կարողությունների գնահատում իրականացնելու, փորձով կիսվելու և անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության գնահատում իրականացնելու համար»,- նշել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը։
Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ աշխատաժողովներ անցկացնելու նպատակով մարտի 30-ից Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը։ Կարիքների գնահատում իրականացնելու համար խումբն այցելելու է նաև համաժողովի անցկացման հիմնական վայրեր։
Աշխատաժողովների օրակարգում են միջուկային անվտանգության միջոցառումների պլանավորման, նախապատրաստման և ռիսկերի գնահատման հարցեր։ Մասնակիցներին ներկայացվել են համապատասխան տեխնիկական միջոցների կիրառման առանձնահատկություններն ու մարդկային ռեսուրսների արդյունավետ ներգրավման մեխանիզմները․ փորձագետները կիսվել են Մարոկկոյում, Սաուդյան Արաբիայում և Ֆրանսիայում խոշոր միջոցառումների ժամանակ կիրառվող անվտանգության ապահովման մոդելներով։
Նման ձևաչափով հանդիպումների և միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը շարունակում է ամրապնդել կարողությունները՝ ապահովելու COP17 համաժողովի անվտանգ և արդյունավետ անցկացումը։
![]()