«Էնքան հեգնեմ, պակաս չթվա, դու չի, դուք ա». Ալեն Սիմոնյանը բարկացել է

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը հետևած՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների արձագանքներին ի պատասխան, խորհուրդ տվեց ֆեսյբուքյան մակարդակով քոմենթներ չանել։

«Պարոն Մարուքյանն արել է շատ կառուցողական առաջարկ, ես հուսով  եմ, որ այն տեղ է հասել և ձեզ խորհուրդ եմ  տալիս այստեղ ֆեյսբուքյան գրառումների մակարդակով քոմենթներ չանել՝ հատկապես երբ պարոն Մարուքյանն այստեղ չէ։ Դուք, որ անընդհատ մեզ ասում եք՝ արեք առաջարկները, որովհետև սպասում եք դրանց, վերցրեք այդ կառուցողական առաջարկներն առանց ռեպլիկներ անելու, գնացեք ձեր կառավարության մոտ և միացեք ու փորձեք հարցը լուծել։ Էստեղ ֆեյսբուքյան ստատուսներ մի գրեք, խնդրում եմ»,- ասաց  պատգամավորը։

Սրան ի պատասխան ամբիոնին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ասաց՝ ստիպված է ելույթ ունենալ։ Նա խորհուրդ տվեց փոխել խոսքի ոճաբանությունը։

«Էդ ի՞նչ խոսելու ձև է, ատելության մթնոլորտից եք խոսում, ինչ-որ բաներից եք խոսում։  Էստեղից է սկսում ամեն ինչ, երբ որ ծաղրում են, երբ որ հեգնում են։ Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա։ Էդ ի՞նչ ձև ա»,-սկսեց բղավել Սիմոնյանը՝ խորհուրդ տալով չընդհատել խոսացողին, իր հետ էլ «Դուք»-ով խոսել։


Նա նաև սպառնաց, նույն կերպ շարունակելու դեպքում արձագանքը լինելու է տասնապատիկ ավելի ուժեղ. «Թող ոչ մեկ չկասկածի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ