![]()
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ երկար տարիներ Հայաստանում պահեստազորի հավաքներին մատների արանքով են նայել․ տարիներ շարունակ հարյուր հազարավոր պահեստազորայիններ չեն իմացել, թե ինչ է վարժական հավաքը, չեն իմացել իրենց կցագրման, ստորաբաժանման, իրենց առջև դրվելիք պոտենցիալ խնդրի՝ հանձնարարության մասին։
Սուրեն Պապիկյանի հայտարարությունը «Ֆեյսբուք»-ում հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Պատկան մարմիններն իրենց հերթին չեն իմացել այդ մարդկանց գտնվելու վայրի, հետագա կրթության, աշխատանքի նոր բնույթի, առողջության, հնարավոր հաշմանդամության ու անգամ մահացության մասին։
Այսօր արդեն ստեղծված է տարածքային պաշտպանության նոր համակարգը, որի միջոցով իրականացվում են 25-օրյա վարժական հավաքները, տարեկան ծառայության են ներգրավվում հազարավոր պահեստազորայինքաղաքացիներ։
Սա փոփոխություն է, որ պիտի դառնա պաշտպանական համակարգի կարևոր առանցքներից մեկը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ արձանագրելով, որ բանակն ամբողջական չէ առանց պատրաստված պահեստազորի։
![]()