![]()
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի խումբ մարդիկ շնամարտ են կազմակերպել:
Տեսանյութում նկատելի է, որ մի քանի կանայք հորդորում են կազմակերպիչներին դադարեցնել կենդանիների նկատմամբ խոշտանգումը և դաժան վերաբերմունքը: Հավաքված տաղամարդիկ, սակայն, վիրավորում և կոպտում են այդ կանանց՝ անպարկեշտ խոսույթով փորձելով նրանց հեռացնել տարածքից:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՆԳՆ, որտեղից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են.
«Միջադեպին անմիջապես արձագանքել են ՆԳՆ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները: Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 8 շուն»:
Նկատենք, որ տարածված տեսանյութին «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ոստիկանությանը կոչ անելով արձագանքել:
![]()