Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը

2026 թվականի փետրվարի 18-ին ստեղծվել են 17 ֆեյսբուքյան էջեր, որոնք համակարգված կերպով հակաքարոզչություն են իրականացնում Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ և ստեղծում աջակցության իմիտացիա գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի օգտին։

Այս 17 էջերի հրապարակած տեսանյութերը տարածում են հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ, որոնցից մոտ 60-ին media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, նույնականացրել է։

Կեղծ էջերը

Ֆեյսբուքյան 17 այդ էջերն են՝ Week/News Armenia, Lurer Aysor, Time News, Yerevan Times, BreakNews Arm, YerevanTimes, Voice.Yerevan, Liberty News Armenia, Tarm News, Hay News, Top News Arm, YVN Pulse, Arm Urban Voice, Armenia Pulse, Live Updates Armenia, Focus on Armenia, ArmeniaNow։

Քարոզչական էջերի ստեղծման օրը

Ուսումնասիրությունից տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք միևնույն անձի կողմից կառավարվող էջերի հետ՝ այն տարբերությամբ, որ անուններն ու գլխավոր նկարները տարբեր են։

Մեկ օրում ստեղծված այս էջերը գրեթե միաժամանակ, րոպեների տարբերությամբ, 12:30 – 12:45-ն ընկած ժամանակահատվածում, հրապարակել են վարչապետի նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկարներով տեսանյութ, որում պնդում է արվում, թե Հակոբյանը նախկինում կրում էր 5000 դրամ արժեքով ականջօղեր, իսկ որպես վարչպետի կին նրա ականջօղերի արժեքը հասել է 2.500.000 դրամի։

Հետաքրքիր է, որ էջերը ոչ թե տարածել (share) են առկա տեսանյութը, այլ գրեթե նույն ժամին վերբեռնել են դրանք Ֆեյսբուք։

Աննա Հակոբյանի դեմ արշավը․ ուշադրություն դարձրեք հրապարակման օրվան և ժամին

Էջերի համակարգված երկրորդ արշավը տեղի է ունեցել փետրվարի 19-20-ին։ Վերջիններս տարածել են տեսանյութ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի նկարով։ Ուղեկցող տեքստում ակնարկ է հնչում, թե վարչապետը «սեռական շեղումներ» ունի։

Հրապարակումների զգալի մասը արվել է ուղիղ ժամը 5:43-ին։

Փետրվարի 23-ին տարածվեց էջերի հաջորդ տեսանյութ-ահազանգը։ Այն կոչ էր անում չքվեարկել Փաշինյանի օգտին, քանի որ վերջինս տարածքներ է «բաժանում Ադրբեջանին»։

Փետրվարի 23-ին համակարգված արշավ սկսեց Աշոտ Փաշինյանի՝ վարչապետի որդու դեմ․ էջերը հրապարակել էին ենթադրաբար նրա մասնակցությամբ տեսանյութ և պնդում էին, թե վերջինս ծանր թմրանյութերի ազդեցության տակ է՝ չներկայացնելով ասվածն ապացուցող որևէ փաստ։

Հաջորդ օրը՝ փետրվարի 24-ին, գրեթե միաժամանակ հրապարակված տեսանյութերում պնդում է արվում, որ, ընտրելով Նիկոլ Փաշինյանին, մարդիկ ձայն են տալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Մարտի սկզբից էջերն առավել ակտիվ տարածում են արհեստական բանականության (ԱԲ) կողմից ստեղծված տեսանյութեր՝ թիրախավորելով հիմնականում Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին, ինչպես նաև հակադրելով Փաշինյանին Սամվել Կարապետյանի հետ։

Իսկ ավելի վաղ տարածվում էր ԱԲ-ով ստեղծված մեկ այլ տեսանյութ, որում ադրբեջանական զորքերն իբր ներխուժում են Երևան։

Քարոզչական էջերին տարածող կեղծ օգտատերերը

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերեցինք նաև Ֆեյսբուքում համակարգված աշխատող կեղծ օգտատերերի, որոնք տարածում են վերոնշյալ էջերի կողմից պատրաստված տեսանյութերն ու լրատվամիջոցների սոցիալական էջերում քննադատում գործող իշխանությանն ու դրական բովանդակությամբ մեկնաբանություններ անում Սամվել Կարապետյանի և նրա ղեկավարած ուժի մասին։

Խումբը կազմված է ավելի քան 60 նույնականացված կեղծ օգտահաշվից։ Այս թիվը վերջնական չէ և չի բացառվում, որ այն շատ ավելի մեծ լինի։ «Ստուգված է»-ն շարունակում է հետևել «ֆեյքերի» վարքին և բավարար ապացույցների առկայութան դեպքում մենք հանդես կգանք նոր հրապարակմամաբ։

Նշված շուրջ 60 կեղծ օգտահաշիվների և 17 էջերի միջև կապը և համակարգվածությունը ապացուցվում է մի շարք ընդհանրություններով։

Օրինակ, քարոզչական էջերի՝ Փաշինյանի սեռական շեղումների մասին տեսանյութը տարածել են ֆեյքերի այդ խմբի բոլոր անդամները (որոշները հետագայում հեռացրել են)։

Ուշադրություն դարձրեք հրապարակման ամսաթվին

Նույնականացված կեղծ օգտահաշիվները

Համացանցում կեղծ օգտահաշիվների լուսանկարների որոնման արդյունքում գտանք դրանց մեծ մասի իրական տերերին։ Արդյունքում պարզվեց, որ դրանք մեծամասամբ գողացված են ռուսական ծանոթությունների կայքերից կամ չափահասների համար նախատեսված (18+) հարթակներից։

Տեսանյութում կարող եք տեսնել կեղծ օգտահաշիվների լուսանկարների իրական տերերին։

Կեղծ օգտատերերի վարքը

Ֆեյքերի մեծ մասը միմյանց ընկերների ցանկում են։ Նրանք ակտիվորեն աջակցում են Սամվել Կարապետյանին և նրա ղեկավարած ուժին լրատվամիջոցների մեկնաբանության բաժնում, ինչպես նաև քննադատում Կառավարությանը։

Հետաքրքիր է, որ կեղծ օգտահաշիվների մեծ մասը նոր չէ, այլ ստեղծվել է 2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հանրային աջակցության իմիտացիա ստեղծելու նպատակով գործարկվել է ֆեյք էջերի և օգտահաշիվների «բանակ», որն աշխատում է քաղաքական դաշտում հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի և նրա թիմի օգտին և ակտիվորեն քննադատում իշխանությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ