Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է

Բանակը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորներից մեկն է և այն պետք է լինի պաշտպանունակ՝ համալրված ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով, լինի ունակ՝ իրականացնելու երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու իր առաքելությունը։

Այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում իր ելույթի ժամանակ։

«Այսօր, երբ Հայաստանը հաստատուն քայլերով շարժվում է դեպի խաղաղություն, շատ կարևոր է խոսել այն մասին, թե որն է բանակի դերն անվտանգության նոր ճարտարապետության մեջ, ինչպիսին պետք է լինի բանակը, և ինչ ենք արել այն արդիականացնելու համար։ Պետք է փաստել, որ բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի։ Իհարկե, մեծ է գայթակղությունն այսօր անդրադառնալու վերջին շրջանում ակտիվացած բազում «փրկիչներին», օտարերկրյա փորձագետների, հրահանգիչների և շատ հարգելի արհեստական բանականության երկնած տեքստերին, բայց ընդամենը խորհուրդ կտամ նրանց ևս մեկ անգամ կարդալ ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը, որտեղ կգտնեն իրենց բոլոր մտքերի զգալի մասը ո՛չ միայն հարցերի, այլև լուծումների տեսքով։

Չեմ բացառում, որ հանդիպեն ուղիղ մեջբերումների։

ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը հստակ պատկերացում է տալիս, թե ինչ է արել իշխող քաղաքական ուժը ՀՀ բանակն ավելի պաշտպանունակ դարձնելու համար։ 2022 թվականից մեկնարկած բարեփոխումների ընթացքում ստեղծել ենք համակարգեր, որոնց հիմնական արդյունքների և դրական արդյունքների մասին դեռ շատ է խոսվելու։ Բանակը պրոֆեսիոնալ դարձնելու նպատակին հասնելու համար կատարել ենք բազում փոփոխություններ։ Արհեստավարժ բանակ կերտելու ճանապարհին ներդրել ենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որն այսօր արդեն դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը, իսկ հազարավոր երիտասարդներ դառնում են ծրագրի շահառու և արհեստավարժ բանակի կարևոր մասնիկ։ Նրանք հնարավորություն ունեն ատեստավորվել, ստանալ բարձր աշխատավարձ և նեցուկ կանգնել իրենց ընտանիքին և պետությանը։ Նրանց թիվն այս պահին 5319 է»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը նաև ընդգծեց, որ վերջին տարիներին մեծ ուշադրություն է հատկացվել պայմանագրային զինծառայողների վարձատրությանն ու սոցիալական ապահովությանը։ Ատեստավորման ծրագրի ներդրման արդյունքում հազարավոր զինծառայողներ բարելավել են թե՛ իրենց գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը, թե՛ ստացել են սոցիալական կայունության և բարեկեցության հնարավորություն։

«Այսօր ատեստավորված զինծառայողներն առկա դրույքաչափից բացի, ստանում են 205 հազարից մինչև 470 հազար դրամ հավելավճար։ Նշված գումարն աշխատաշուկայում այլևս մրցակցային և մոտիվացնող աշխատավարձ է։

2022 թվականի զորակոչի համեմատությամբ՝ 2025 թվականին զորակոչված զինծառայողների թիվն ավելացել է 25,3 տոկոսով։ Սա մեր կատարած փոփոխությունների և հետևողական աշխատանքի արդյունքն է։ Ի կատարումն պայմանագրային զինծառայության հաշվին ժամկետային զինծառայության կրճատման մեր խոստման՝ ժամկետային զինծառայությունը ՀՀ-ում այլևս մեկ ու կես տարի է։ Բանակն ամբողջական չէ առանց պահեստազորի։ Երկար տարիներ մեր երկրում պահեստազորի հավաքներին մատերի արանքով են նայել։ Տարիներ շարունակ հարյուր հազարավոր պահեստազորայիններ չեն իմացել, թե ինչ է վարժական հավաքը, չեն իմացել իրենց կցագրման ստորաբաժանման, իրենց առջև դրվելիք պոտենցիալ խնդրի, հանձնարարության մասին։ Պատկան մարմինները նախկինում չեն իմացել մարդկանց գտնվելու վայրի, հետագա կրթության, աշխատանքի նոր բնույթի, առողջության, հնարավոր հաշմանդամության և անգամ մահացության մասին։

Այսօր արդեն ստեղծված է տարիքային պաշտպանության նոր համակարգը, որի միջոցով իրականացվում են 25-օրյա վարժական հավաքները, որին տարեկան ծառայության են ներգրավվում ՀՀ հազարավոր քաղաքացիներ։

2026 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կուրսանտների կրթաթոշակը, գերազանց առաջադիմության պարագայում, կազմում է 75-175 հազար դրամ՝ կախված, թե որ կուսում է նա սովորում։ Նույնը վերաբերում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին, որի սաները ստանում են 15-45 հազար դրամ կրթաթոշակ։ Ռազմական ակադեմիայի շրջանավարտներն, այս տարվանից, նշանակմանը զուգահեռ՝ կստանան մինչև 35 միլիոն դրամ արժողությամբ բնակարան գնելու վկայագրեր։ Նշանակվելով ծառայության՝ կարող են ստանալ 620-750 հազար դրամ աշխատավարձ»,– ասաց նախարարը։

Ըստ Սուրեն Պապիկյանի, ՔՊԿ կառավարման տարիներին անգամներով մեծացել են բանակի վրա կատարվող ծախսերը։

«2018 թվականին, մեր կառավարման մեկնարկին, պաշտպանական ծախսերը կազմել են 640 միլիոն դոլար։ 2025 թվականին այդ ծախսերը կազմել են 1 միլիարդ 741 միլիոն դոլար։ 2022-25 թվականներին կատարված սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները 5,4 անգամ ավելին են, քան 1998-2018 թվականներին կատարված գնումները, ինչը վկայում է հայրենիքն ու բանակը սիրելու մասին»,-ասաց նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ