Աշխարհացունց անակնկալների մի՛ սպասեք, որովհետև մեր ցուցակի ձևավորման ողջ գործընթացը եղել է ձեր աչքի առաջ. Հասմիկ Հակոբյան

Մենք միշտ էլ ասել ենք, որ աշխարհացունց անակնկալների մի՛ սպասեք, որովհետև մեր ցուցակի ձևավորման ողջ գործընթացը եղել է ձեր աչքի առաջ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Պատգամավորը հիշեցրեց՝ մարդիկ, որոնք ցանկություն են ունեցել լինել պատգամավորի թեկնածու, հայտ են ուղարկել, այնուհետև ՔՊ վարչությունը այդ թեկնածուներին լսել է, հաստատել է ցուցակը, այնուհետև եղել է ընտրությունների երկրորդ փուլ:

«Այսինքն՝ մարդիկ են, որոնք ցանկություն ունեցել են լինելու ՔՊ-ի ցուցակում, որոնք անցել են նաև մեր համաժողովի կուսակցականների ֆիլտրով՝ ստացել են համապատասխան ձայներ և ըստ այդմ վարկանիշը ձևավորվել է»,- պարզաբանեց Հակոբյանը, որից լրագրողները հետաքրքրվում էին, թե ինչու ցուցակում նոր անուններ չկան:

Նրա խոսքով՝ ցուցակում կան մարդկանց նոր անուններ, կան մարդիկ, որոնց անունները ցուցակի ներքևում է:

«Նորմալ, թափանցիկ պրոցես է տեղի ունեցել, որի արդյունքում ձևավորվել է մեր ցուցակը»,- նշեց պատգամավորը:

Ճշտող հարցին՝ արդյոք ցուցակը ձևավորվել է թեկնածուների վարկանիշները հաշվի առնելո՞վ՝ տվեց բացասական պատասխան, ապա պարզաբանեց՝ այն ձևավորվել է համաժողովի մասնակիցների ստացած քվեներով:

«Սկզբում ցուցակում 280-ից ավելի թեկնածուներ կային, ընտրվել է 50-յակը, հետո ամբողջ ցուցակը և առաջին 50-յակը: Մենք քարոզարշավ ենք ունեցել, ապա նորից քվեարկություն է եղել, որպեսզի առաջին 50-յակը ձևավորվի ավելի ռեալ»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ 50-յակում հայտնվելը վկայում է բարձր վարկանիշ ունենալու մասին:

«Առաջին 50-յակում ամենաշատ ձայներ հավաքած մարդիկ են»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ