Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի նախագիծը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։

2026-2031 թվականների առանցքային անելիքները

1. Խաղաղության ինստիտուցիոնալացում – Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը մեկնարկել է դեռևս 2024 թվականին՝ ՀՀ Տավուշի մարզի հատվածում պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացով, ապա և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ և վավերացմամբ, ու շարունակվել է 2025 թ. օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ և Վաշինգտոնի հռչակագրով խաղաղության ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքների հաստատմամբ։

Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջնային քայլերն են.

ա) Սահմանազատման գործընթացի շարունակությունը,

բ) TRIPP նախագծի իրագործումը՝ 2025 թ. օգոստոսի 8–ի Վաշինգտոնի հռչակագրի և 2026 թ. հունվարի 14–ին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների կողմից ընդունված TRIPP-ի իրականացման շրջանակի բովանդակությանը համապատասխան, որը կհանգեցնի տարածաշրջանային կապուղիների լիարժեք ապաշրջափակման,

գ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումը, վավերացումը, դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործումը։

Խաղաղության ինստիտուցիոնալացման թվարկված քայլերը սպառիչ չեն. քաղաքացիական հասարակության, գործարար համայնքի ներկայացուցիչների շփումները, երկկողմ առևտուրը, քաղաքական, մշակութային, հումանիտար երկխոսությունը խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր գործիքներ են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքաջալերի ու կաջակցի այդ ուղղությունների ակտիվացմանը։

2. Կրթությունը՝ ռազմավարությունների ռազմավարություն – Կրթությունը ոչ միայն խնդիրները լուծելու, այլև դրանք հասկանալու միակ հուսալի ճանապարհն է։ Սա վերաբերում է թե՛ անհատական, թե՛ խմբային, թե՛ հանրային և թե՛ պետական մակարդակին, թե՛ ներքին և թե՛ արտաքին հարթությանը, հետևաբար կրթությունը պետության զարգացման ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է այն ընկալմամբ, որ ցկյանս գործընթաց է և վերաբերում է նախադպրոցական կրթությանը, հանրակրթությանը, արտադպրոցական կրթությանը, մասնագիտական կրթությանը, բուհական, հետբուհական կրթությանը, ոչ ֆորմալ կրթությանը, մասնագիտական վերապատրաստմանը, մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը, վերամասնագիտացմանը, ինտելեկտուալ զարգացմանը, ինչպես նաև պետության ռազմավարական հաղորդակցությանը՝ այն իմաստով, որ քաղաքացի-պետություն հարաբերությունները կրթական հարաբերություններ են թե՛ քաղաքացու, թե՛ պետության համար: Կրթության համակարգն ուսումնառուին պետք է ուսուցանի բարեկեցիկ և լիարժեք կյանքի, երջանկության համար անհրաժեշտ հմտություններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրթությունը հայտարարում է ռազմավարությունների ռազմավարություն։ Այս ռազմավարության իրականացման առաջնային քայլերն են.

ա) Նախադպրոցական կրթության ոլորտում՝

– 100 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը,

– 0-2 տարեկանների համար նախադպրոցական կրթության ապահովումը բոլոր խոշորացված համայնքներում,

– առնվազն մեկ տարվա պարտադիր նախադպրոցական կրթության ապահովումը բոլոր 5 տարեկան երեխաների համար,

– նախադպրոցական կրթության չափորոշչի պարբերական թարմացման ինստիտուցիոնալ մեխանիզմի և կրթության որակի վերահսկողության արտաքին գնահատման համակարգի ներդրումը,

– տարակարգի միջոցով նախադպրոցական հաստատությունների աշխատողների մասնագիտական հմտությունների և վարձատրության շարունակական աճի ինստիտուցիոնալ մեխանիզմի ընդլայնումը։

բ) Հանրակրթության ոլորտում՝

– հաջորդ 300 դպրոցների կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը և ամբողջական հագեցումը նոր գույքով,

– ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչների համար կամավոր ատեստավորման երկրորդ փուլի իրականացումը` դրույքաչափը սահմանելով 300 հազար դրամ՝ համապատասխանաբար 30, 40, 50 տոկոս հավելավճարով,

– ուսուցիչներին համալիր երաշխիքներ սահմանող, այդ թվում՝ բնակարանային ապահովման հարցում աջակցության ծրագիր նախատեսող «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի ընդունումը,

– հանրակրթության չափորոշչի պարբերական թարմացման ինստիտուցիոնալ մեխանիզմի և հանրակրթության որակի վերահսկողության արտաքին գնահատման համակարգի ներդրումը:

գ) Արտադպրոցական կրթության ոլորտում՝

— մշակութային և մարզական կրթության համակարգի հետագա զարգացումը. առնվազն 100 արվեստների (ներառյալ երաժշտական, գեղարվեստի, արվեստի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների) դպրոցների, մարզադպրոցների, մարզական կենտրոնների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման և գույքով հագեցման ծրագիրը,

– համայնքային և պետական արտադպրոցական հաստատություններում և կենտրոններում մանկավարժների և մարզիչների կամավոր ատեստավորման ծրագրի հետագա զարգացումը,

— երեխաների ստեղծագործականության խթանման հարթակների ձևավորումը, այդ թվում՝ արվեստի միջազգային ճամբարների, հեղինակային կատարումների մրցույթների և այլ միջավայրերի շարունակական զարգացման միջոցով։

դ) Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում՝

— առնվազն 30 ՄԿՈՒ հաստատությունների (քոլեջների) վերակառուցումը, կառուցումը, հիմնանորոգումը և հագեցումն անհրաժեշտ գույքով և սարքավորումներով,

— մասնավորի հետ համագործակցության խորացումը՝ քոլեջների համատեղ կառավարման և դուալ ուսուցման համակարգի ամբողջական ներդրման միջոցով՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը դարձնելով սովորելու հիմնական մեթոդ,

— քոլեջների դասախոսների և վարպետների վարձատրությունն առնվազն կրկնապատկող ատեստավորման համակարգի զարգացումը և ամբողջական ներդրումը ՄԿՈՒ բոլոր ոլորտներում,

— բոլոր քոլեջների՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան հավատարմագրումը,

— տնտեսության կարիքներին, այդ թվում՝ յուրաքանչյուր մարզում համապատասխան կարիքներին համահունչ նոր մասնագիտությունների շարունակական ներդրումը և զարգացումը։

ե) Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում՝

– Ակադեմիական քաղաքի ստեղծման առաջին փուլի իրագործումը. առաջին փուլում Ակադեմիական քաղաքում կստեղծվի տեխնոլոգիական կլաստերը՝ լիարժեք գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ ներառյալ 3600 ուսանողի համար նախատեսված կացարանային ենթակառուցվածքը,

— 2025 թ. սեպտեմբերին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի դրույթների իրագործումը,

— դպրոցից բուհ արդյունավետ և սահուն անցում ապահովող ընդունելության նոր համակարգի գործարկումը՝ խթանելով կամավորական աշխատանքը, ներդնելով արտաքին գնահատման նոր մեխանիզմներ,

— հանրային բուհերի ֆինանսավորման և ուսանողական կրթաթոշակների նոր մեխանիզմների գործարկումը, որի արդյունքում բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս չի մնա կրթությունից,

— բարձրագույն կրթության միջազգայնացման խթանումը՝ օտարերկրյա ուսանողների թիվը հասցնելով առնվազն 15 000-ի և ապահովելով հայաստանյան բուհերի շարունակական առաջխաղացումը միջազգային վարկանիշավորման համակարգերում։

զ) Պետություն, պաշտոնյա, քաղաքացի հարաբերությունների շրջապտույտը – Ի՞նչ է պետությունը, ո՞րն է նրա առանձնահատկությունն ու նշանակությունը, ի՞նչ է նշանակում լինել պաշտոնյա, պետական կամ համայնքային ծառայող և/կամ լինել քաղաքացի, ինչպիսի՞ն են նրանց հարաբերությունները և ինչպիսի՞ն պետք է լինեն, ի՞նչ առանձնահատկություններ և ինչպիսի՞ ռիսկեր ունեն այդ հարաբերությունները։ Սա առանձնահատուկ կրթական թեմա է, որը կենսական նշանակություն ունի պետության զարգացման և հարատևության համար, և այս ուղղությունը պետք է ներկա լինի կրթության բոլոր մակարդակներում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Քաղաքացին պետք է սիրի իր պետությունն ինչպես ինքն իրեն, պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն և սիրելի լինի նրա համար։ Սա է պետական պաշտոնյայի գործունեության խորքային նպատակը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կքաջալերեն և կխթանեն, որ Հայաստանի Հանրապետությունում կրթվելը շարունակի հաստատվել որպես կենսակերպ ու մտածելակերպ։ Մենք կխթանենք բոլոր օղակների կրթական լիցենզավորված և երաշխավորված ծրագրերը թե՛ մասնավոր և թե՛ պետական հատվածներում։ Կրթության բոլոր օղակներում կներդրվեն մասնավոր հատվածի ներգրավման նոր մոդելներ։ Կընդունվեն և կիրականացվեն ընթերցանությունը խթանող ծրագրեր։ Կընդգծվի մշակույթի և կրթության կապը՝ որպես փոխլրացնող գործոններ։

3. Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն – Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը ցույց տվեց իր արդյունավետությունը՝ թույլ տալով կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը կորդեգրվի որպես ռազմավարություն, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի Տարածաշրջանացումը, որի առանցքային նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն, և Կուսակցությունը գնալու է այս ճանապարհով։

Այս համատեքստում տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում և՛ TRIPP նախագծի կյանքի կոչումը, և՛ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, ոչ միայն է՛լ ավելի կամրապնդեն տարածաշրջանում խաղաղությունը և համագործակցությունը, այլև այն կվերածեն արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ փոխկապակցվածության կարևոր հանգույցի՝ Խաղաղության խաչմերուկի:

Տարածաշրջանացման գործնականացման համար կարևորում ենք նաև 3+3 ձևաչափի հետագա զարգացումը, և Հայաստանի Հանրապետությունը նպաստելու է դրան։ Ձևաչափում Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաև ՀՀ–ՌԴ հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար ևս։

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է նաև Տարածաշրջանացում–2 հայեցակարգը՝ նկատի ունենալով Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները և Հնդկաստանը։ Նախորդող շրջանում մյուս երկրների հետ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ էական եղավ նաև Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այս ուղղությունը նոր ակտիվություն կստանա 2026-2031 թվականների ընթացքում։

Նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերություն կամ երկխոսություն կամ օրակարգ է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի, Նիդեռլանդների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, ԵՄ–ի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի հետ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ Հայաստանը զարգացնելու է փոխշահավետ կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ։

Հայաստանի Հանրապետություն — Եվրոպական միություն – 2023 թվականից Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական առաքելությունն իր նպաստը բերեց մեր երկրի կայունությանը արևելյան սահմանների երկայնքով: 2024 թ. ընդունվել և կենսագործվում է Հայաստանին աջակցող ԵՄ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը: ԵՄ անդամ պետությունները կոնսենսուսային որոշմամբ Հայաստանին աջակցություն տրամադրեցին «Եվրոպական խաղաղության գործիքի» ներքո: 2025 թվականին ընդունվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Մեկնարկեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը, Հայաստանին փոխանցվեց այդ ուղղությամբ գործողությունների ծրագիրը: Մեկնարկեցին ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունները: Նույն թվականին ստորագրվեց ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ 2018 թվականից ուժի մեջ է Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միությանն անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչև այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։ Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ–ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց և կախված կլինի նրանից, թե արդյոք ԵՄ–ն պատրա՞ստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո՝ Հայաստանի Հանրապետությունը կդիմի ԵՄ–ի լիարժեք անդամ դառնալու համար։ Եթե ոչ՝ վերը նշված բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ՀՀ–ն դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր։

Հայաստանի Հանրապետություն — Եվրասիական տնտեսական միություն – Մենք հասկանում ենք, որ հնարավոր չէ միաժամանակ լինել թե՛ Եվրասիական տնտեսական միության անդամ, թե՛ Եվրոպական միության անդամ։ Բայց քանի դեռ Եվրոպական միության հետ մոտարկման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հետ, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ և կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ։

Բազմակողմ այլ ձևաչափեր – Բազմակողմ ձևաչափերում Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունը կարևոր է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը առավել արդյունավետ դարձնելու համար։ ՄԱԿ–ում և նրա մասնագիտացված առանձին մարմիններում, ԵԽ–ում, ԵԱՀԿ–ում, ԱՊՀ–ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Եվրոպական քաղաքական համայնքում Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ակտիվ անդամ։

Հայաստանի Հանրապետությունը դարձավ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ և կշարունակի աշխատանքներն այդ ձևաչափում։

2026 թվականի հոկտեմբերից Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP 17) համաժողովի նախագահությունը՝ շուրջ երկու տարի հանդիսանալով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գլոբալ որոշումների ընդունման կենտրոնական դերակատարում ունեցող երկիր, ինչը Հայաստանին բերելու է և՛ բնապահպանական, և՛ միջազգային մակարդակում լավագույնս դիրքավորվելու մեծ հնարավորություններ։

Հետաքրքրված ենք նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցությամբ։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը կդիտարկի բազմակողմ այլ ձևաչափերում իր մասնակցության կամ դրանց հետ համագործակցության հարցը։ ՀԱՊԿ–ում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը սառեցված է, և ակտիվությանը վերադառնալուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի։

4. Արտաքին անվտանգություն

Միջազգային լեգիտիմությունը Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առաջնային գործիքն է։ Միջազգային հանրությունը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Խորհրդային Միության Հայկական ԽՍՀ սահմաններով։ Այս սկզբունքն է դրված նաև հաստատված խաղաղության հիմքում. Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել են՝ հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին միացած խորհրդային հանրապետությունները իրենց վարչական սահմաններում դարձել են անկախ պետություններ։

Չվիճարկվող, այսինքն՝ միջազգային օրենքով լեգիտիմ տարածք և արտաքին հարաբերությունների մեջ լեգիտիմ դիրքորոշումներ ու ակնկալիքներ ունենալը արտաքին անվտանգության ապահովման առաջնային գործիք է։ Այն, չլինելով բացարձակ երաշխիք, այնուամենայնիվ կարևոր հիմնաքար է։

Փոխկապվածությունը արտաքին աշխարհի հետ արտաքին անվտանգության ապահովման հաջորդ գործիքն է. այս գործոնը թույլ է տալիս, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի, տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որ նրա անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների համար, և, ընդհակառակը, որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և սրանից բխող TRIPP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար, և մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա։

Երկարաժամկետ կանխատեսելիությունը արտաքին անվտանգության ապահովման հաջորդ կարևոր գործիքն է։ Կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում այլ երկրները Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի պակաս պետք է ընկալեն որպես սպառնալիք, և խաղաղության օրակարգին նվիրվածությունը այլ երկրների համար պետք է դառնա Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և ռազմավարական ընկալում։ Այս խնդրի լուծման համար էական են ոչ միայն հռչակված քաղաքականությունները, այլև սոցիալ–հոգեբանական, կրթական–մշակութային, հանրային–քաղաքական ոլորտների բովանդակությունն ու խոսույթները։ Պատմության և ապագայի հստակ սահմանազատումը և օրվա իրականության գործնական կապակցումը ոչ այնքան անցյալի, որքան ապագայի հետ՝ կենսական են Հայաստանի Հանրապետության հարատևությունն ապահովելու տեսակետից։ Նաև այս նպատակին է ծառայում «Ապագան այսօր է» բանաձևը։

Խաղաղությունն է, ըստ այդմ, անվտանգության ապահովման միակ գործուն և հուսալի երաշխիքը, և Հայաստանի Հանրապետությունը, քաղաքացիները, հանրային–քաղաքական շրջանակները պետք է ամենօրյա խնամք տանեն խաղաղության նկատմամբ՝ այն ուժեղացնելու, առավել ինստիտուցիոնալ, անշրջելի և երաշխավորված դարձնելու համար։

Բանակը արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործիքն է՝ այն դեպքերի համար, երբ արտաքին անվտանգության ապահովման վերը թվարկված և դրան կիրառելուն ուղղված դիվանագիտական միջոցները չեն գործել։ Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվի (բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավվելը) և պետք է ծառայի բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին։ Վերջին տարիներին ՀՀ բանակի պաշտպանունակությունը զարգացնելու ուղղությամբ ահռելի ջանքեր և միջոցներ են ձեռնարկվել։ Ձեռք է բերվել ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ ներառյալ հայրենական արտադրության: ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ահռելի զարգացում է ապրել, իրականացվել են հսկայածավալ և նորարար ամրաշինական աշխատանքներ, ստեղծվել են տասնյակ ամրացված շրջաններ։ Զինծառայության գրավչությունը մեծացնելու համար ՀՀ պայմանագրային զինծառայողների վարձատրության և արհեստավարժության ապահովման, ժամկետային զինծառայության ժամկետների ու կառուցվածքի ոլորտում ահռելի (հանրությանը հայտնի) բարեփոխումներ են իրականացվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը շարունակելու են ՀՀ բանակի բարեփոխումները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգի։ Աստիճանական կերպով կներդրվի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը (ՀՊԱՀ):

5. Պարենային անվտանգություն– Ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի Հանրապետությունը պետք է ի վիճակի լինի ապահովել իրեն անհրաժեշտ պարենը, ուստի ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ պարենի ցանկը կձևավորվի այնպես, որ հնարավոր լինի արտադրել, պահել, պահեստավորել և պահպանել Հայաստանի Հանրապետությունում՝ առանց արտաքին կախվածությունների։

6. Էներգետիկ անվտանգություն – Վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ստեղծել է էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու և ի վերջո էներգետիկ ինքնաբավ երկիր դառնալու բացառիկ հնարավորություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը գնալու են այս ճանապարհով։ Արևային, քամու էներգետիկայի, կենսագազի, կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև կուտակիչ կայանների զարգացումը, կլինեն առաջնահերթություն։ Կշարունակվեն նաև նոր ատոմակայանի ստեղծմանն ուղղված աշխատանքները։

7. Ներքին անվտանգություն – Ներքին անվտանգության ապահովման հայեցակարգը նման է արտաքին անվտանգության ապահովման հայեցակարգին, և այս տրամաբանությամբ լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է։

Ներքին լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է՝ ժողովուրդը, և պետություն ունենալու նրա գործնականացված կամքը։ Այդ կամքը պետք է արտահայտվի ներպետական հարաբերությունների և ինստիտուտների անառարկելի լեգիտիմությամբ։ Ցանկացած պետություն իրավունքների և ազատությունների ապահովման նպատակով իրականացնում է սահմանափակումներ. առանց սահմանափակումների կիրառման հնարավոր չէ ապահովել իրավունքներ և ազատություններ։ Այդ սահմանափակումները արտահայտվում են օրենքների, Կառավարության և այլ մարմինների որոշումների, դատական ակտերի տեսքով։ Սա ինքնին լարում է առաջացնում պետության և քաղաքացու միջև, որը ներքին անվտանգության լրջագույն խնդիր է։ Այս լարումը չեզոքանում է միայն այն պարագայում, երբ քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև կա օրգանական կապ․ ասել է թե՝ երկրում հաստատված իրավակարգը բխում է քաղաքացուց, նրա որոշումից և համաձայնությունից, այսինքն՝ լեգիտիմ է։ Իրավակարգի լեգիտիմության աղբյուրը Սահմանադրությունն է, Սահմանադրության լեգիտիմության աղբյուրը՝ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը։ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության այս շղթան ընդհատված է, որովհետև նախկինում տեղի ունեցած բոլոր սահմանադրական հանրաքվեների պաշտոնական արդյունքները լայնորեն կասկածի տակ են առնվել, և չկա ըմբռնում, որ ժողովուրդն իրոք քվեարկել է Սահմանադրության օգտին։ Այստեղից է բխում երկրում արդարության և արդարադատության պակասի զգացումը, որովհետև արդարությունը և արդարադատությունը լեգիտիմության արտահայտություն են, և, որքան որևէ որոշում մոտ է լեգիտիմությանը, այնքան արդար է։ Կամ արդար է այնքանով, որքանով բխում է լեգիտիմությունից և օրգանական կապ ունի լեգիտիմության հետ։ Ու քանի որ Հայաստանում լեգիտիմության առանցքը սահմանադրական հանրաքվեների կասկածելի արդյունքների պատճառով բացակայում է, արդարություն և արդարադատություն հասկացությունները ձևախեղված են։ Այս խնդիրը լուծելու եղանակը նոր Սահմանադրության ընդունումն է՝ ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, ինչը լիարժեք լեգիտիմություն կտա Հայաստանում հաստատված իրավակարգին և հնարավոր կդարձնի արդարության և արդարադատության ինստիտուցիոնալացումը։ Նոր Սահմանադրությամբ պետք է ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը՝ արդարության և արդարադատության կապը ժողովրդի հետ է՛լ ավելի ուժեղացնելու համար։ Պետք է շարունակվեն արդարադատության, դատաիրավական համակարգի, քրեակատարողական համակարգի մեկնարկած բարեփոխումները՝ որպես ուղենիշ ունենալով նոր սահմանադրական լեգիտիմությունը, հետևաբար՝ արդարությունը և արդարադատությունը։ Ներքին լեգիտիմության ապահովման, դրա պահպանման և զարգացման լավագույն գործիքը ժողովրդավարությունն է և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը։

8. Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար։ Նրա քայքայիչ ազդեցությունը մեր իրականության մեջ բավարար չափով գնահատված չէ, և այն իր էությամբ հակասոցիալական, հակապետական և հակամարդկային ենթամշակույթ է։ Դրա դեմ պայքարը առաջին հերթին կրթական և քաղաքակրթական գործիքներով պետք է կիրառվի, բայց և իրավապահ համակարգը պետք է ավելի ու ավելի կենտրոնանա այս խնդրի դեմ գործնական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու վրա։

9. Կիբեռանվտանգություն, արհեստական բանականություն, թվայնացում, տեխնոլոգիաներ-սրանք հասկացություններ են, որոնց կիրառումն ու կիրառման որակը էականորեն կանխորոշելու են պետական կառավարման և կյանքի որակը Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ–ն ունի բարձր տեխնոլոգիական երկիր լինելու համար անհրաժեշտ նախադրյալները, և մենք պետք է թվայնացումն ու արհեստական բանականությունը ներդնենք բոլոր այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է ներդնել։ Մյուս կողմից՝ դա իր հետ առաջ է բերելու ներպետական և արտաքին մարտահրավերներ։ Թվային համակարգը, պատշաճ պաշտպանություն չունենալու դեպքում, կարող է դառնալ երկրի «աքիլլեսյան գարշապարը», ուստի կիբեռանվտանգությունը դարձել է անվտանգային համակարգի առաջնային շերտերից մեկը։ Կիբեռանվտանգության պետական ինստիտուցիոնալ համակարգի կայացումը հնարավորություն կտա արդյունավետ կերպով կիրառելու թվայնացումը, արհեստական բանականությունն ու տեխնոլոգիաները՝ որպես մարդու կրթության, կյանքի որակը բարելավելու և բարեկեցություն ապահովելու գործիքակազմ։

10. Արժեքահեն հանրություն – Տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ էական է հանրության մարդկային կապերի ամրապնդումը, որի առանցքային հարթակներից մեկը հոգևոր կյանքն է, որն էական գործոն է նաև հավատացյալ հանրության երջանկությունն ապահովելու համար։ Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Վերջին տասնամյակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունը օտարվել է և շարունակում է օտարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչը, այդ թվում, հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և որդեգրում է ճանապարհային հետևյալ քարտեզը՝

ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),

բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,

գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,

դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն։

Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքների ազատությունը ու վերահաստատում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որտեղ, Սահմանադրության համաձայն, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը։

11. Մշակույթի և սպորտի տնտեսականացում – Մշակույթը և սպորտը տեսանելի դեր ունեն արժեքահեն հանրության զարգացման հարցում։ Դրանք, մի կողմից, մարդուն կապում են հանրային, պետական, համամարդկային արժեքների հետ, մյուս կողմից՝ կյանքի որակի, վայելքի, զվարճանքի էական գործոններ են։ Կարևոր է, որ մշակույթը և սպորտը լինեն մարդակենտրոն, այսինքն՝ ծառայեն մարդուն, հանդիսատեսին` ուժեղացնելով նրանց կապը արժեքների հետ և ստեղծելով նոր արժեքներ։ Պետությունը մշակույթին և սպորտին պետք է աջակցի տնտեսականացման ուղղությամբ՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով, երբ մշակույթը և սպորտը մարդուն արժեքահեն հաճույք և երջանկություն պատճառելու գործառույթ են իրականացնելու, իսկ մարդը պատրաստ է վճարել այդ վայելքին հաղորդակից լինելու համար։ Էական է մշակույթն ու սպորտը դարձնել տարածքային համաչափ զարգացման առանցք՝ ապահովելով մշակութային կյանքի ապակենտրոնացումը և Երևանից դուրս մշակութային աշխույժ միջավայրը, ինչպես նաև մարզերում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը:

12. Առողջ ապրելակերպը ոչ միայն առողջությունը պահպանելու, այլև երջանկության և բարեկեցության համար էական գործոն է։ Այն ներառում է առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, ֆիզիկական կուլտուրան և զանգվածային սպորտը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը կխրախուսեն առողջ ապրելակերպը և դրան ուղղված ծրագրեր կիրականացնեն՝ խթանելով հատկապես սպորտով զբաղվելը երեխաների շրջանում։ Յուրաքանչյուր դպրոցահասակ երեխա պետք է ունենա հնարավորություն զբաղվելու սպորտով՝ իր նախասիրությամբ:

13. Սոցիալական համերաշխության առանցքային սկզբունքն այն է, որ մարդն իր բարեկեցության աստիճանին հասնում է սեփական աշխատանքի միջոցով։ Հետևաբար, պետության սոցիալական քաղաքականության առանցքում պետք է լինի մարդուն ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալու կամ սեփական ձեռնարկությունն ավելի շահութաբեր դարձնելու համար անհրաժեշտ կարողություններով օժտելը, ինչը հնարավոր է միայն կրթության միջոցով։ Միևնույն ժամանակ, սոցիալական համերաշխությունն անհնար է առանց ներառականության։ Պետությունը պետք է հետևողական քայլեր ձեռնարկի կանանց տնտեսական հզորացման ուղղությամբ՝ վերացնելով բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց լիարժեք ներգրավվածությանը աշխատաշուկայում, ձեռնարկատիրության և պետական կառավարման մեջ։ Պետությունը պետք է երաշխավորի նաև հավասար հնարավորություններ և հասանելի միջավայր հասարակության բոլոր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց և ավագ սերնդի ներկայացուցիչների համար, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց տաղանդն ու ներուժը կրթության և աշխատանքի մեջ։ Ներառականության հայեցակարգի կարևոր բաղադրիչ է նաև թոշակառուների տնտեսական ակտիվության ապահովումը։ Կարևոր է այն գիտակցումը, որ որևէ անձ միայնակ չի կարող հասնել բարեկեցության: Դրան նպաստում են հանրային տարբեր ենթակառուցվածքները՝ ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պատասխանատու է հանրության առջև, և այդ պատասխանատվությունը իրականացնում է իր հանրային աշխատանքով, այդ թվում՝ հարկեր վճարելով:

14. Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը և կոշտ թափոնների խելացի կառավարումը հանրային կյանքի հարմարավետության, բարեկեցության, երջանկության, առողջության կարևոր պայմաններ են։ Բնության նկատմամբ խնամքը, կենսաբազմազանությունը պետք է լինեն պետական և հանրային ուշադրության կենտրոնում։ Կներդրվի կոշտ թափոնների շրջանաձև կառավարման համակարգ՝ հիմքում ունենալով Լիտվայի և եվրոպական մի շարք այլ երկրների հաջողված փորձը։ Հանքարդյունաբերության ոլորտում քայլ առ քայլ ստանդարտները կհամապատասխանեցվեն միջազգային լավագույն փորձին։

15. Ջուրը ուրախության և երջանկության համոզիչ սիմվոլներից է, և դրա հասանելիության շարունակական աճը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության բնակիչների ուրախության և երջանկության ամենահամոզիչ արտահայտությունը։ Առաջիկա հնգամյակում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի խմելու և ոռոգման ջրի կուտակմանը, կորուստների նվազեցմանը, ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, ջրի հասանելիության ընդլայնմանը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի նաև ջրի նկատմամբ խնայող և հոգատար հանրային վերաբերմունքի և վարքականոնի ձևավորմանը, այդ թվում՝ կրթական համակարգի միջոցով:

Երկարաժամկետ հեռանկարում պետք է բացառել օգտագործված ջրի՝ առանց մաքրման բացթողումը բնություն։

16. Գյուղատնտեսություն ասելով այլևս պետք է հասկանալ նախևառաջ ինտենսիվ գյուղատնտեսություն և բոլոր ջանքերը կենտրոնացնել Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսությունը ընդլայնելու վրա։ Օրգանիկ և փորձարարական գյուղատնտեսությունը նույնպես պետք է դիտարկել այս տրամաբանության ներքո։

17. Հայաստանի գյուղերը ցեխի միջից դուրս բերելը կշարունակի մնալ կարևոր խնդիր մարդկանց հարմարավետությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու տեսակետից։

18. Վայրի և ընտանի կենդանիների պաշտպանությունը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնության և Կառավարության ուշադրության կենտրոնում։ Միևնույն ժամանակ, թափառող կենդանիներից քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ կձեռնարկվեն համալիր միջոցառումներ։

19. Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների նվազագույն նպատակն այն է, որ պետական և համայնքային մարմինները չխոչընդոտեն անհատի, կազմակերպությունների ստեղծարար և լեգիտիմ գործունեությանը և անհարկի դժվարություններ չստեղծեն դրանց համար: Առավելագույն նպատակն է այդ ամենում օգնել, աջակցել անհատներին և կազմակերպություններին։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ հանրային և համայնքային ծառայությունը մրցունակ լինի մասնավոր հատվածում աշխատանքի հետ, որպեսզի ավելի ու ավելի շատ տաղանդների հնարավոր լինի ներգրավել հանրային և համայնքային ծառայություններում։ Սա և՛ բովանդակային, և՛ իրավական, և՛ տեխնիկական իմաստներով էականորեն կբարելավի հանրության և յուրաքանչյուր անհատի կյանքի որակը։ Պետական պաշտոնյաների բարեվարքության ստանդարտների և հակակոռուպցիոն համակարգի հետագա զարգացումը նույնպես հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար էական նշանակություն ունի։

20. Գիտությունը պետք է զարգանա ոչ միայն հիմնարար ուղղությամբ, այլև պետք է ստեղծի կիրառական գործիքներ հանրային և պետական կյանքը, տնտեսությունը և կրթությունը, տեխնոլոգիաների օգտագործումը առավել արդյունավետ դարձնելու համար՝ հանուն հանրային բարեկեցության և զարգացման։ Գիտությունը զարգացման մշտական ուղեկից և խթան պետք է լինի։ 2026-2031 թվականների ընթացքում գիտության ֆինանսավորումը կաճի և կհասնի ՀՆԱ 1 %-ի։

21. Տնտեսական զարգացումը՝ պետական շահ

Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է, որովհետև միայն տնտեսական զարգացման արդյունքում են ձևավորվում այն ֆինանսական միջոցները, որոնցով կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ամրացված շրջաններ, վճարվում կենսաթոշակներ և այլ սոցիալական նպաստներ, իրականացվում առողջության ապահովագրության համար անհրաժեշտ ծախսեր, իրականացվում հասարակական կարգի պաշտպանություն, ֆինանսավորվում գիտությունը, դիվանագիտական ծառայությունը, բանակը և պետական կյանքի բոլոր ոլորտները։ Հետևաբար՝ արտաքին և ներքին կյանքին վերաբերող բոլոր որոշումները պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության պետական շահին՝ տնտեսական զարգացմանը։ Հարկային կարգավորումները, մի կողմից, պետք է ապահովեն պետական եկամուտների կայունությունն ու աճը, մյուս կողմից՝ առավելագույնս կանխատեսելի միջավայր ստեղծեն տնտեսվարողների համար։ 2026-2031 թթ. ժամանակահատվածում Հարկային օրենսգիրքը փոփոխության կենթարկվի տարեկան առավելագույնը մեկ անգամ, ինչպես նաև միջոցներ կձեռնարկվեն Հարկային օրենսգիրքը հնարավորինս կանխատեսելի դարձնելու ուղղությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը քննարկումներ կսկսեն այս ուղղությամբ՝ գաղափարի իրատեսականությունը գնահատելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ