![]()
Համացանցում տեղեկություններ են տարածվում առ այն, որ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչ Հակոբ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից։
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Հակոբ Հակոբկոխյանն անձմաբ է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, այն է՝ խուզարկության կատարման կարգի խախտման, այսինքն՝ այլ անձանց, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչներին առանց անհրաժեշտության խուզարկության վայր մուտք գործել թույլատրելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտման, այն է՝ զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկման, համազգեստ կրելու կանոնների խախտման առթիվ Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:
Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին»,- հայտնեցին ՔԿ-ից։
Մեր տեղեկություններով, Հակոբ Հակոբկոխյանը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է:
![]()