Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ

Հայաստանում կգործարկվի ծրագիր, որով բազմազավակ ընտանիքները կկարողանան պետության աջակցությամբ բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել։

Համապատասխան նախագիծը հրապարակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Նախագծի նպատակն է բարձրացնել բազմազավակ ընտանիքների համար բնակարանային հասանելիությունը և բարելավել նրանց կենսապայմանները։ Ըստ հիմնավորման՝ ներկայում գործում է միայն մեկ բնակարանային աջակցության ծրագիր, որի շրջանակում տրամադրվում է միանվագ աջակցություն, իսկ վարկերի մարումը կատարվում է շահառուների կողմից։

Նոր ծրագրով առաջարկվում է տրամադրել 100 տոկոս սուբսիդավորում՝ հնարավորություն տալով ընտանիքներին ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն։

Նախագծով նախատեսվում է յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով հատկացնել 4 մլն դրամ։ Եթե ընտանիքը նախընտրի բնակվել գյուղական բնակավայրում, ապա կտրամադրվի լրացուցիչ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել հողամաս ձեռք բերելու կամ տան կառուցման համար։

Նախնական տվյալներով՝ Հայաստանում կա 643 ընտանիք, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա։ Նրանցից 390 ընտանիք ունի 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, իսկ մնացածը՝ ավելի մեծ թվով երեխաներ։

Ծրագրով նաև սահմանվում է նվազագույն բնակմակերես՝ յուրաքանչյուր անձի հաշվով 10 քմ։ Օրինակ՝ 6 երեխա ունեցող ընտանիքի համար անհրաժեշտ նվազագույն մակերեսը գնահատվում է 80 քմ, որի համար կարող է տրամադրվել շուրջ 24 մլն դրամ աջակցություն։

Նախագծի իրականացման համար առաջիկա 10 տարիներին պետական բյուջեից կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ՝ պայմանով, որ բոլոր շահառու ընտանիքները մասնակցեն ծրագրին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ