![]()
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինի և դեսպանության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները՝ ընդգծելով միմյանց երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացմանն ու գործարար կապերի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Կողմերը փոխանակել են տեղեկատվություն վիճակագրության, միմյանց երկրներում ոլորտային նոր զարգացումների մասին, խոսել միմյանց ժողովուրդների ճամփորդական նախասիրությունների, հյուրընկալության և ծառայությունների բնագավառում առկա խնդիրների մասին։
![]()
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ոլորտի օրենսդրական բարեփոխումներին և թվայնացման գործընթացներին, տարվա ընթացքում նախատեսվող կարևոր միջոցառումներին և դրանց շրջանակներում հնարավոր համագործակցությանը։
Կատարական կողմը նաև հետաքրքրություն է հայտնել Հայաստանում զբոսաշրջության բնագավառում ներդրումների վերաբերյալ։
Կողմերը պայմանավորվել են առավել սերտ համագործակցել առաջիկայում համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։
![]()