Դատավորի թեկնածուն՝ ակտիվ քաղաքական գործունեության մեջ․ ի՞նչ է ասում օրենքը.FIP

Փաստաբան, իրավաբան Ռուբեն Մխիթարյանը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմում այժմ ակտիվ քարոզարշավ է իրականացնում, ընդգրկված է դատավորների հավակնորդների ցուցակում է։ Իսկ դատավորի թեկնածուներին Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է զբաղվել քաղաքականությամբ։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է դատավորների հավակնորդների ցուցակը և դատավորի թեկնածուներին առաջադրված օրենսդրական պահանջները։

Ի՞նչ է ասում ՀՀ օրենսդրությունը
Հայաստանի Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը դատավորների համար սահմանում է վարքագծի կանոններ, որի համաձայն, դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն։

Նույն օրենսգրքի մեկ այլ հոդվածով էլ դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորի թեկնածուի հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց համար։

Նշվում է, որ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և վերոնշյալ անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Ի՞նչ է հայտնի Ռուբեն Մխիթարյանի մասին
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Ռուբեն Մխիթարյանը ընդգրկված է քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների ցուցակում՝ բավարարելով օրենքով նախատեսված մասնագիտական փորձառության պահանջը։

Միևնույն ժամանակ, վերջին շրջանում նա ակտիվորեն ներգրավված է քաղաքական գործընթացներում․ մասնակցում է կուսակցական գործունեությանը, իսկ նրա ֆեյսբուքյան էջում հրապարակվում են քաղաքական հայտարարություններ և իշխանությունների հասցեին քննադատություն պարունակող գրառումներ, հարցազրույցներ։ Հայտնի է նաև, որ 2025 թվականից նա «Մեր ձևով» քաղաքական շարժման անդամ է։

Այսպիսով, Հայաստանի օրենսդրությունը դատավորի թեկնածուներին պարտադրում է պահպանել քաղաքական չեզոքություն և խուսափել այնպիսի վարքագծից, որը կարող է կասկածի տակ դնել նրանց անաչառությունը։

Այս տեսանկյունից ակտիվ քաղաքական ներգրավվածությունը կարող է դիտվել որպես այդ պահանջների հետ անհամատեղելի վարքագիծ։

FIP.am-ի հարցին ի պատասխան՝ Ռուբեն Մխիթարյանը նշել է, որ տեղյակ է դատավորի թեկնածու լինելու և քաղաքական գործունեության անհամատեղելիության մասին և պատրաստվում է դիմում ներկայացնել՝ ցուցակից դուրս գալու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ