![]()
Կառավարության ճեպազրուցի ժամանակ լրագրողը ՀՀ և Արցախի քարտեզը ցույց տալով՝ ասաց, որ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այդ քարտեզը միասնական էր, մինչդեռ որոշ ժամանակ անձ Արցախի մասը կտրվեց: Լրագրողը նաև հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարում է, թե Ղարաբաղը Ադրբեջանինն է, մինչդեռ ամիսներ առաջ հակառակն է ասել, ապա հետաքրքրվեց՝ եթե այսօր մի բան է ասում, վաղը՝ այլ բան, ինչպե՞ս հավատալ, որ հետագայում ՀՀ քարտեզից կտրված չեն լինի այլ հատվածներ:
Հարցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերցրեց լրագրողի բերած քարտեզը և պարզաբանեց. «Ձեր ցույց տված քարտեզի վրա այս մի կտորը գույն չունի (ցույց տվեց ԼՂ-ի մասը-խմբ.), ընդհանրապես գույն չունի:
Այն, ինչ նկարագրեցիք, նկարագրեցիք ՀՀ-ն, հայ ժողովրդին, և մեզ բոլորիս աշխարհաքաղաքական թակարդից դուրս բերելու պրոցեսը՝ գիտակցության և գիտելիքի արդյունքում, և ես հպարտ եմ, որ առաջնորդել եմ գործընթացը:
Այն, ինչ նկարագրեցիք, մի պրոցես է, որ միջին վիճակագրական հայաստանյան մտածողությունը կարողացել է հաղթահարել, ինչի արդյունքում այսօր ունենք անկախ, ինքնիշխան պետություն»:
Լրագրողի մեկ այլ դիտարկման, թե այժմ խոսույթը հարմարեցվում է այնպես, որ «Արցախ» բառը չկիրառվի, Փաշինյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է նրան, որ արգելել եմ «Արցախ» բառն ասել, դուք 5-6 անգամ այդ անունը Կառավարության շենքում ասացիք:
Ես ուրիշ բան եմ ասում: Ես ասում եմ, որ մենք պետություն ենք, և պետք է հասկանանք, որ ասված ամեն արտահայտություն, արված ամեն քայլ ունի արժեք, որևէ արժեք: Այդ արժեքը կարող է լինել պոզիտիվ, կարող է լինել նեգատիվ: Ամեն ինչ ունի պատճառահետևանքային կապ. սա պետական գիտելիք ձեռք բերելու կարևոր գործընթաց է»:
![]()