![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարություններին:
«Լավ, եկեք ես էլ թարգմանեմ երեկվա խոսակցությունը։
Մարդն ասում ա.
«Արդեն պարզ ա, որ պրոռուսական ուժերը չեն կարողանալու հաղթել ձեր առաջիկա ընտրություններում (դրա համար եմ արդեն սենց բաց խոսում), բայց դե հիմա մեր ընգերներն են, ընգերական թողեք գոնե մասնակցեն ընտրություններին, գան խորհրդարան, ի՞նչ կլինի որ։
Մենք էլ փոխարենը գազը չենք թանկացնի, գյուղատնտեսական ապրանքները շատ չենք պահի սահմանին, սկզբունքորեն դեմ չենք լինի TRIPP-ին։
Հա, մեկ-մեկ, երբ այլ հարցերում լեզու չգտնենք, իրանք կհելնեն ցույցեր կանեն, ձեզ կասեն թրքասեր, բան, բայց դե հիմա դա ա մեր ոճը, էս քանի դար տենց ենք աշխատել, չէինք կարող էս հինգ տարում հարաբերության նոր համակարգ կառուցել, եկեք էս ոսկե միջինը բռնած առաջ շարժվենք, մինչև տեսնենք՝ ինչ ա լինում»»,- գրել է Եղոյանը:
ՌԴ նախագահը վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ իրեն հայտնի է՝ ՀՀ-ում առաջիկա ընտրություններում մասնակցելու ցանկություն հայտնած ուժեր կան, որոնց ներկայացուցիչներն ունեն ռուսական անձնագրեր, և ըստ Պուտինի՝ նրանցից ոմանք գտնվում են ազատազրկման վայրերում:
«Անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան։ Եվ ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ, օրինակ, մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Սրանք պատգամավորների ընտրություններ են և դե ֆակտո նաև վարչապետի ընտրություններ։
Եվ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն՝ ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա»,- պատասխանել էր ՀՀ վարչապետը:
![]()