Տաքսու վարորդներն ասում են՝ մեզ էլ ներգրավեք առողջության ապահովագրության համակարգ, սրանից ավելի լավ գնահատական գոյություն չունի. Փաշինյան

«Լսում ես, որ տաքսու վարորդները բողոքում են, ասում են՝ մեզ էլ ներգրավեք առողջության ապահովագրության համակարգ, սրանից ավելի լավ գնահատական գոյություն չունի»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ շրջել են Հանրապետության բոլոր մարզերով և Երևանով. «Ուզում եմ ասել հետևյալը՝ մենք չենք ունեցել որևէ բարեփոխում, որ այսքան արագ և այսքան ծավալով արձագանք ունենա: Մենք ստացել ենք մի վիճակ, երբ առողջական պրոբլեմ ունեցող մարդու մահճակալի կողքին՝ հարազատի կարգավիճակով, նստած է իր պետությունը, սա բացառիկ դեպք է: Առողջության ապահովագրության համակարգն այդ աթոռը դրել է, կամ երկրորդ աթոռն է դրել առողջական խնդիր ունեցող մարդու կողքին և այդ աթոռին նստած է ՀՀ-ն: Մենք այս բարեփոխումը պետք է փայփայենք, ամենօրյա խնամք տանենք բարեփոխման նկատմամբ, որպեսզի ինքը զարգանա»:

Վարչապետը նաև ներկայացրեց թվային տվյալներ. «Մենք արդեն 2 միլիոն 277 հազար 479 այց ենք ունեցել, հիվանդանոցային այցերի թիվը 105 հազար 670 է: 65+ տարիքի թոշակառուների թիվը 221 հազար 361 է: ՀՀ պետական բյուջեն ծախսել է 28 միլիարդ 438 միլիոն միայն 65+ անձանց համար: Հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը 361 թոշակառու օգտվել է 4 միլիոն պլյուս արժեք ունեցող առողջապահական ծառայություններից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ