Երբևէ չեն եղել ընտրություններ, որտեղ ՌԴ-ն որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով. Աբրահամյան

Քննչական կոմիտեի նախագահի նախկին մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առաջիկա խորհրդարանական ընտրություններին անդրադարձին:

«Հայաստանին հյուսիսից կանգնեցնում են ընտրության առջև։ Խաղաքարտերը բաց են։

Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ նախկինում երբևէ չեն եղել այնպիսի ընտրություններ, որտեղ Ռուսաստանը որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով։ Սա խաղադրույքները բարձրացնում է աներևակայելի մակարդակի՝ նույնքան բարձրացնելով նաև այս ընտրությունների գեոպոլիտիկ արժեքը։

Այն, ինչի «մեկնարկը» տրվեց Մոսկվայում երեկ, դուրս է հիբրիդային պատերազմի սահմաններից․․․։ Այն ուղիղ ներգրավվում է ընտրական պրոցեսում որպես կողմ դրանից բխող ամբողջ մեթոդաբանությամբ, այդ թվում՝ շանտաժային»,- գրել է Աբրահամյանը:

ՌԴ նախագահը վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ իրեն հայտնի է՝ ՀՀ-ում առաջիկա ընտրություններում մասնակցելու ցանկություն հայտնած ուժեր կան, որոնց ներկայացուցիչներն ունեն ռուսական անձնագրեր, և ըստ Պուտինի՝ նրանցից ոմանք գտնվում են ազատազրկման վայրերում:

«Անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան։ Եվ ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ, օրինակ, մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Սրանք պատգամավորների ընտրություններ են և դե ֆակտո նաև վարչապետի ընտրություններ։

Եվ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն՝ ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա»,- պատասխանել էր ՀՀ վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ