![]()
«Ռոսատոմ» ընկերությունը կարող էր երկարաձգել Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036 թվականը, սակայն Երևանն ընտրել է Եվրոպայի վեկտորը՝ նախապատվությունը տալով ոչ իրազեկ եվրոպական կապալառուներին։
Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ատոմակայանն աշխատում է մինչև 2026 թվականի աշունը, բայց ավարտին է մոտենում դրա շահագործումը մինչև 2031 թվականի աշուն երկարաձգելու նախապատրաստումը։
«Դա կարվի։ Մեր մասնագետները նույնպես կարծում են, որ դրա աշխատանքը հնարավոր կլինի երկարաձգել մինչև 2036 թվականը, սակայն դրա համար պետք է կատարվեն որոշակի պայմաններ։ Այժմ, Հայաստանի զարգացման եվրոպական վեկտորի շրջանակներում, երկարաձգման աշխատանքների մեծ մասը տրվում է եվրոպական կապալառուներին, որոնք սեյսմիկ վտանգավոր գոտիներում աշխատանքի փորձ չունեն և իրենց չեն ծանրաբեռնում կայանի գլխավոր կոնստրուկտորի հետ համակարգման աշխատանքներում»,- նշել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետի կարծիքով՝ բոլորը մտորելու բան ունեն, երբ քաղաքականապես կողմնակալ որոշումները սկսում են ազդել ատոմային էներգիայի արտադրության տեխնոլոգիաների վրա։
Օվերչուկը հստակեցրել է, որ մինչև 2036 թվականը կայանի անվտանգ շահագործման վերաբերյալ «Ռոսատոմի» կողմից երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտ պայմանն է պետական կորպորացիայի կողմից իրականացվող կապալառուական աշխատանքների առնվազն 70% մասնաբաժնի ապահովումը։
![]()