Ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ ղեկավարությունը 2 անգամ այդ մասին հայտարարել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Ղարաբաղի հետ կապված հարցերին։

«Ես արդեն շատ թափանցիկ և հրապարակայնորեն հայտարարել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն, և Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին։

Կարծում եմ, որ սա բավական ամուր հիմք է խաղաղության հետագա զարգացման համար։ Եվ, իհարկե, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ այն աջակցության համար, որը ես միշտ զգացել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։ Ղարաբաղի հարցով մենք բազմիցս ենք դա քննարկել, հիմնականում աշխատանքային ձևաչափով։

Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, և Դուք հիշում եք՝ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Եվ մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ նույնպես երբեք չենք թաքցրել, որովհետև 2022 թվականին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։

Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»,- ասել է վարչապետը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ