![]()
Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները շատ խորն են, շատ կարևոր են մեզ համար, և, իմ կարծիքով, դրանք դինամիկ կերպով զարգանում են մեր տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջապես հաստատվել է խաղաղություն։
Այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ կարծում եմ, որ դա դրականորեն է անդրադառնում նաև Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների վրա, որովհետև մեր անկախության սկզբից ի վեր առաջին անգամ ունենք երկաթուղային կապ Ռուսաստանի Դաշնության հետ, և մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղով Ռուսաստանից ներմուծում ենք իրականացնում։ Հուսով եմ՝ մոտ ապագայում նաև արտահանում կիրականացնենք։ Եվ սա, իհարկե, ամրապնդում է մեր ավանդական տնտեսական կապերը և ամրապնդում է մեր կապերը Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա, իհարկե, մենք գիտենք, որ սկզբունքորեն երկու միավորումների անդամակցությունն անհամատեղելի է, սակայն այն, ինչ մենք անում ենք, և այն օրակարգը, որը մենք ունենք, առնվազն այս պահին համատեղելի են։ Սա փաստ է։ Եվ քանի դեռ կա այդ օրակարգերը համատեղելու հնարավորություն, մենք կշարունակենք դրանք համատեղել։ Իսկ երբ գործընթացները կհասնեն այն կետին, երբ անհրաժեշտ կլինի որևէ որոշում ընդունել, ես վստահ եմ, որ մենք՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, կընդունենք այդ որոշումը։
Իհարկե, այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, որովհետև, ինչպես արդեն նշել եմ, այս կապերն ու հարաբերությունները շատ խորն են և քննարկման ենթակա չեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
![]()